«Հրապարակ» թերթը գրում է. Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, ով փետրվարի կեսերից տեղափոխվել է Արցախ, ակտիվ գործունեություն է ծավալում։ Մոտ ամիսուկես է՝ Բաբայանն ու նրա կուսակիցները թեեւ ոչ հրապարակային, բայց ակտիվ «քարոզարշավ» են իրականացնում, հանդիպում հանրության տարբեր շերտերի հետ, կոնսուլտացիաներ են անում քաղաքական եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ, այցելում են գյուղեր, դպրոցներ, տարբեր հաստատություններ՝ փորձելով հանրային որոշակի աջակցության մթնոլորտ ստեղծել իրենց շուրջ։
Գաղտնիք չէ, որ 44-օրյա պատերազմից հետո մեծ թվով արցախցիների վերաբերմունքը շրջադարձային փոփոխություն կրեց բունկերային գործունեություն ծավալած եւ ՀՀ իշխանությունների հետ սերտ համագործակցող Բաբայանի նկատմամբ։ Հերոսի եւ հավերժ «կամանդույուշչիի» կերպարը որոշակիորեն խամրեց։ Ս․ Բաբայանը պատերազմից հետո լքեց Արցախը, եկավ Հայաստան, սակայն նրա եւ ՀՀ իշխանությունների ջրերը մի առվով չհոսեցին, եւ 2 տարի անց նա կրկին վերադարձել է Արցախ՝ այստեղ դերակատարում ստանձնելու հավակնություններով։ Իսկ դրա համար, բնականաբար, նախ պետք է հանրային աջակցություն ունենալ, ինչն էլ փորձում է անել Բաբայանը՝ իր ակտիվությամբ։
Սակայն արցախյան մեր աղբյուրներն ասում են, որ Բաբայանին առայժմ չի հաջողվում վերականգնել իր նկատմամբ նախկին վերաբերմունքը, քանի որ նրան համարում են Նիկոլ Փաշինյանի մարդը եւ չեն կարողանում ներել, որ հարել է փաշինյանական ճամբարին։ Ընդ որում՝ Բաբայանը մարդկանց հետ շփումների ժամանակ քննադատում է թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ Արայիկ Հարությունյանին՝ ասելով, որ ճիշտ քայլեր չեն անում Արցախն այս վիճակից դուրս բերելու համար, միեւնույն ժամանակ չի էլ հստակեցնում, թե ինքն ինչ է ուզում անել, ինչպես է պատկերացնում իրավիճակից դուրս գալու ելքը․ մի տեղ ասում է, որ Արցախի ճակատագիրը պատկերացնում է ուժեղանալու եւ ադրբեջանցիներին մարտահրավեր նետելու մեջ, մեկ այլ միջավայրում առաջ է տանում Ադրբեջանի հետ վերաինտեգրման եւ խաղաղ համակեցության փաշինյանական գիծը։ Այսինքն՝ խաղում է երկու լարի վրա, ինչն էլ վստահություն չի ստեղծում մարդկանց մոտ։
Այդուհանդերձ, մարդկանց հանդիպելիս նա փորձում է համոզել, որ նախեւառաջ պետք է ներքին խնդիրները լուծել, ներսում ամրանալ, այ, որ ինքն իշխանություն ունենա, կարճ ժամանակում իրավիճակից դուրս գալու ծրագիր կիրականացնի։ Մեր աղբյուրներն ասում են, որ Բաբայանը հավակնում է պետնախարարի պաշտոնին, որը նաեւ ղեկավարում է բլոկադայից հետո ձեւավորված օպերատիվ շտաբը։ Իսկ որպեսզի պաշտոն ստանձնի, պետք է հանրային պահանջ ձեւավորի։
Կհաջողվի դա Բաբայանին, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը, սակայն, Արցախի մեր աղբյուրների կարծիքով, նրա շուրջ լայն կոնսոլիդացիա չի ձեւավորվում։ Օրեր առաջ մամուլը գրեց, որ դպրոցներից մեկի ուսուցչական կոլեկտիվը մերժել է Բաբայանի առաջարկը՝ այցելել իրենց։ Ըստ որոշ լուրերի էլ՝ վերջերս Բաբայանի երբեմնի թիմակիցները՝ նախորդ ընտրություններում նրա կուսակցության վստահված անձինք են խոչընդոտել Բաբայանի եւ կուսակիցների մուտքը Մարտակերտի գյուղեր։ Չնայած դրան, վերջին օրերին նրա կողմնակիցները տուն առ տուն են այցելում եւ մարդկանց հրավիրատոմսեր բաժանում՝ առաջիկա օրերին սպասվող հավաքի մասին, որը նշանակվել է Ստեփանակերտի «Նադեժդա» հարսանյաց սրահում։ Բաբայանը պլանավորել է տպավորիչ հավաք կազմակերպել, որը կդառնա իր հավակնությունները գործնական փուլ մտցնելու այցեքարտը։
Մեր տեղեկություններով, Բաբայանի թիմը մտադիր է ապրիլի 26-ից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վրաններ տեղադրել, շուրջօրյա հավաքներ անել, քննադատել իշխանություններին՝ անգործության համար, եւ անգամ ուղիղ պահանջել՝ տվեք ինձ այդ պաշտոնը եւ 100 օր, ու կտեսնեք արդյունքները։ Քաղաքական շրջանակներում կարծում են, որ Բաբայանը հաջողության կհասնի միայն այն պարագայում, եթե այս հարցում նախապես կա պայմանավորվածություն Արայիկ Հարությունյանի եւ Փաշինյանի միջեւ։ Եվ եթե հաշվի առնենք, որ Բաբայանն իր ձեռքն է վերցրել Արցախի մսի բիզնեսը, ապա մեծ է հավանականությունը, որ նրան Արցախ է գործուղել հենց Փաշինյանը, դրա համար էլ Արայիկ Հարությունյանն ընդառաջում է Բաբայանի ցանկություններին։
Հիշեցնենք, որ պատերազմից առաջ՝ 2019-ին էլ Բաբայանն Արցախում ստորագրահավաք կազմակերպեց՝ սահմանադրական փոփոխություններ անելու համար, ցանկություն ուներ նախագահ դառնալ, հիմա էլ մոտավորապես նույն գործընթացն է, պարզապես փոխվել է պաշտոնի անունը՝ ոչ թե նախագահ, այլ՝ պետնախարար։ Հատկապես որ Արցախում եղել է դրա նախադեպը՝ վրան խփելով եւ ակցիաներ անելով է ներկայիս պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ժամանակին ստացել Արցախի գլխավոր դատախազի պաշտոնը։
ՀԳ․ Նկատենք, որ ՀՀ իշխանամերձ շրջանակները վերջին օրերին արշավ են սկսել պետնախարար Գուրգեն Ներսիսյանի դեմ, երեկ էլ ՏԿԱ նախկին նախարար Հայկ Խանումյանն էր գրառում արել, թե «այս ծանրագույն շրջանում Արցախի պետնախարարի պաշտոնը զբաղեցնում է ինքնասիրահարված մի թյուրիմացություն»։ Իսկ իրավիճակն Արցախում շարունակում է շատ լարված մնալ՝ ամբողջությամբ փակ ճանապարհներով։ Եվ ռուս խաղաղապահներն էլ այլեւս ոչ մի դեր չեն խաղում ու ադրբեջանցիների լկտիությունները չեն կարողանում զսպել։