Search
Close this search box.

«Հրապարակ». ՔՊ նիստ է, շտապեք գրանցվել. Փաշինյանը լուռ լսել է, սակայն թույլ չի տվել, որ թեման շատ ծեծեն

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ՔՊ կենտրոնական գրասենյակում հերթական հանդիպումն է անցկացրել կուսակտիվի հետ։ Այն տեւել է 2 ժամից ավելի։ Թեման եղել է «Կուսակցության մարմինների ընտրության կարգը»։ Փաշինյանը կուսակիցներին առաջարկել է ներկայացնել, թե ինչ փոփոխություններ կուզենային, որ արվեր վարչության, վերահսկող հանձնաժողովի, տարածքային մարմինների ձեւավորման ընթացակարգերում։

Ներկաների մեծ մասը կարեւորել է թափանցիկության ապահովումը, ակնարկել են ՔՊ վարչության վերջին ընտրությունների ժամանակ կատարված կեղծիքները, որ տեղի ունեցածը խայտառակություն էր, եւ պետք է ամեն ինչ անել, որ չկրկնվի։ Փաշինյանը լուռ լսել է, սակայն թույլ չի տվել, որ թեման շատ ծեծեն։ Մասնակիցներից մեկը նկատեց, որ այդ պատմությունը հետք է թողել Փաշինյանի մոտ, նա անգամ փակ քննարկումների ժամանակ չի կարողանում վերամբարձ հայտարարություններ անել ազատ-թափանցիկ ընտրությունների մասին։

Նշենք, որ այս ֆորմատի առաջին հանդիպումը կայացավ ապրիլի 6-ին։ Կուսակցության «չաթով» նախապես տեղեկացնում են հանդիպման օրակարգի մասին, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու, կապ են հաստատում գրասենյակի հետ։ Առաջին 40-50 հայտ ներկայացնողներն են մասնակցում՝ տեղի սահմանափակ լինելու պատճառով։

Հանդիպման սկզբում զեկուցողը, որը գրասենյակի աշխատակիցն է, ներկայացնում է թեման, ապա սկսվում է քննարկումը։ Իրականում, այս հավաքների նպատակը, ըստ մեր աղբյուրի, ոչ այնքան շարքային ՔՊ-ականների կարծիքները լսելն է, որքան կուսակցությունում եւ երկրում տիրող տրամադրությունները շոշափելը։ Փաշինյանը սկսել է չվստահել իրեն զեկուցողներին եւ որոշել է երկրում տիրող իրավիճակի մասին անձամբ պատկերացում կազմել՝ շարքային կուսակիցներին լսելով, քանի որ հասարակ քաղաքացիների հետ չի կարողանում ուղիղ շփվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL