Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը: Արայիկ Հարությունյանը ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է:
Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդը, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտին, պաշտոնատար այլ անձինք:
Իր խոսքում Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, մասնավորապես, նշել է.
«Շնորհավորում եմ բոլորիս: Արդեն կարող եմ ասել, հերթական մարզական նշանակալի իրադարձության առիթը ստացվեց, և մենք Երևանում՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում, հյուրընկալում ենք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջնության կազմկոմիտեի անունից, որի անդամներին շնորհակալություն եմ հայտնում ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար, կարող եմ հայտարարել, որ Երևանը պատրաստ է ամենաբարձր մակարդակով կազմակերպել Եվրոպայի ծանրամարտի 101-րդ առաջնությունը:
Մեր ռազմավարությունը մեկն է՝ այդպիսի մրցաշարերով զարգացնել տվյալ մարզաձևը, նպաստել Հայաստանում առողջ ապրելակերպի զարգացմանը, մեծացնել երկրի տեսանելիությունը, Հայաստանը դիրքավորել որպես մարզական կենտրոն ոչ միայն Եվրոպա մայրցամաքում, այլև աշխարհում ընդհանրապես: Իհարկե, այդ ճանապարհին դեռ շատ անելիք ունենք, բայց մենք անշեղորեն գնալու ենք այդ ճանապարհով:
Այս աշխատանքը կատարելիս մենք փորձում ենք ամենաբարձր ստանդարտները սահմանել մարզաձևում, դառնալ ոլորտի նորարար, ինչը, ըստ մեր միջազգային գործընկերների, ստացվում է և արդեն փաստ է: Ուրախությամբ պետք է նշել, որ այս առաջնությանը պատրաստվելիս մենք նշանակալի ներդրումներ ենք ունեցել մարզական նոր ենթակառուցվածք ստեղծելիս, ինչպես նաև մեծ քանակությամբ մարզագույք գնելիս, ինչը տասնամյակներով ծառայելու է մեր պրոֆեսիոնալ և սիրողական սպորտով զբաղվողներին:
Հայաստանը մեծ ավանդույթներ և հռչակավոր պատմություն ունի ծանրամարտում: Ունեցել ենք մեծ մարզիկներ, որոնք ուղենիշ են եղել հայերի համար: Վստահ եմ, որ այս առաջնությունը ծնելու է նոր հերոսներ, որոնց սխրանքը ոգևորելու է շատերիս: Նորից շնորհավորում եմ բոլորիս և բարի գալուս Հայաստան»: