«Այն, որ թուրքական հետախուզական դրոնը հատում է Հայաստանի սահմանն ու ներս մտնում, խոսում է այն մասին, որ պետական սահման մենք, ըստ էության, չունենք։ Մենք չունենք սահմանը հսկող կառույցներ։ Եթե անգամ, թեորապես դրանք կան, պրակտիկապես չեն գործում, այլևս արդյունավետ չեն»,- «Փաստինֆո» լրատվականի հետ հեռախոսազրույցում ասում է ազատամարտիկ Գևորգ Գևորգյանն, անդրադառնալով այսօր ՀՀ սահմաններից ներս՝ Ազատ գյուղի երկնքում ֆիքսված թուրքական հետախուզական դրոնի առկայության թեմային։
Ազատամարտիկը նկատում է՝ եթե 2020 թվականի արյունալի պատերազմի խայտառակ պարտության պարագայում, ըստ գործող վարչապետի՝ մեղավոր էին բոլորը՝ Գլխավոր շտաբի պետը, բանակը, այսպես կոչված, դասալիքները, գեներալիտետը, մի խոսքով՝ բոլորը, բացի իրենից, ապա առաջիկա պատերազմը, որ, ըստ վերջինիս, կարող է տեղի ունենալ ամենամոտ ապագայում, ճիշտ նույն սցենարով է ընթանալու, ինչ նախորդը, իսկ մեղավորն, այս անգամ, ԱԱԾ-ն է դառնալու. «Հենց սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ, փաստացի, պատերազմի մեջ գտնվող երկրի սահմաններին նշանակվեցին սահմանապահները։ Այդպես չի լինում։ Սահմանապահ զորքը կանգնում է այնտեղ, որտեղ արդեն կատարված — ավարտված են դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքները, խաղաղության մասին վկայող փաստաթուղթը ստորագրված է և կանգնեցվում է սահմանապահ զորք, արդեն իսկ հստակեցված սահմանները հսկելու համար։ Հետևաբար, այն ինչ կատարվում է այսօր Սյունիքում, օրինակ, այն, ինչ կատարվեց օրեր առաջ Տեղ գյուղում, ոչ այլ ինչ է, եթե չհայտարարված սահմանազատում, հանձնելու – ստանալու պրոցես»,- նկատում է Գևորգ Գևորգյանը։
Թե ինչպե՞ս կարող է նման բան տեղի ունենալ, երբ այդ մասին պաշտոնապես հայտարարված չէ, ազատամարտիկն ասում է՝ առնվազն 2020 թվականից հետո, մեր երկրի համար ամենաէական և բախտորոշ որոշումներն այս իշխանությունը, մասնավորապես, վարչապետ աշխատող անձը կայացնում է բոլորից թաքուն, գաղտնի. «Ինչ խոսք, սա, անշուշտ, խոսում է այն մասին, որ այդ որոշումներից և ոչ մեկը պետականամետ կամ հայանպաստ չեն եղել։ Գաղտնիության հանգամանքը հենց այդ մասին է վկայում։ Ինքը՝ վարչապետն, իր բերանով հայտարարել է, որ օպերատիվ կապի մեջ է մեր թշնամի երկրի ղեկավարի հետ։
Տպավորություն է, որ սա հստակ պայմանավորված ծրագիր է։ Թե չէ, ինչպե՞ս կարող են 2-3 ադրբեջանցի զինծառայող գալ, մոտենալ հայկական դիրքերին և տեղում ինժեներական աշխատանքներ կատարող 30- 40 հայ զինվորականի թելադրեն՝ անելու այն, ինչ իրենք են ուզում և այս ամենն՝ առանց որևէ էական դիմադրության։
Այսպիսով, հավանաբար, մինչ ռազմական սադրանքը, որ Տեղում հրահրել էր ադրբեջանական կողմը, Փաշինյան – Ալիև տանդեմի մասնակցությամբ նախապատրաստական աշխատանքներ են կատարվել։ Հավանաբար, մինչ սադրանք հրահրելը, նրանք երկուսով պայմանավորված կերպով առաջ շարժվելուն միտված աշխատանքներ են կատարում, թշնամին անարգել գալիս, նստում է ռազմավարական նշանակության մեր կարևորագույն բարձունքների և օբյեկտների վրա, հետո սադրանք են իրականացնում և, ապա, Փաշինյանը կարող է հանգիստ խղճով հայտարարել, թե եղան ռազմական գործողութուններ, ինչի հետաևանքով այսինչ հատվածը ևս անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, այսպիսով՝ սրբագրելով իր գաղտնի, այլ կերպ ասած՝ սեպարատ բանակցություններն ու կապը թշնամի երկրի ղեկավարի հետ։ Եվ, քանի որ հիմա, արդեն, երկրի սահմանները հսկում է ԱԱԾ սահմանապահ զորքը, ապա ապագայում սպասենք, որ Սյունիքի հանձնումը բարդվելու է հենց ԱԱԾ-ի վրա»։
Գևորգ Գևորգյանը նկատում է՝ թշնամին պարտադրեց, որ հայկական կողմը չպետք է ունենա բանակ և ահա, այն, ինչ կատարվեց բանակի հետ՝ վերջին 2-3 տարիներին, հենց այդ նպատակն էր հետապնդում՝ կազմաքանդել հայկական բանակն, ինչը, ցավոք, որոշակի չափով արդեն իրականություն է դարձել։ Հաջորդ կարևորագույն օղակը, որ պետք է հեղինակազրկվի և կազմաքանդվի Ազգային Անվտանգության Ծառայությունն է. «Եթե բանակը պահում է երկրի արտաքին սահմանների անվտանգությունը, ապա ներքին վերահսկողությունը երկրի ներսում իրականացնում է Ազգային Անվտանգության Ծառայությունը։ Հետևաբար, եթե այս իշխանություններին հաջողվի սահմանապահ զորքի անմիջական մասնակցությամբ տապալել Սյունիքի նկատմամբ վերահոսկողությունը և այն հանձնվի թշնամուն, ապա համար առաջին մեղավորը ԱԱԾ-ն է դառնալու։ Այսպիսիով, այն կվերածվի, մոտավորապես, այնպիսի մի կառույցի, ինչպիսին այսօր բանակն է։
Իսկ ինչո՞ւ է դա պետք՝ եթե որևէ երկիր չունի բանակ և ներքին վերահսկություն իրականացնող հզոր կառույց, ապա դա այլևս պետություն չէ, այլ ինչ- որ գոյություն, որ, այս պարագայում, կարող է վերածվել թուրքական վիլայեթի, ինչպես որ երկար տարիներ ցանկանում էր մեր թշնամին և, ահա իրականացնում է իր այս երազանքը դաշնակից և բարեկամ Փաշինյանի հետ։ Բոլորովին պատահական, չէ, որ այդ մարդը հայտարարում է, թե ինքը չի վիրավորվում, երբ իրեն թուրք են անվանում և, իսկապես, դա այդպես է՝ նա բոլորովին չի վիրավորվում այդ պիատակավորումից, իսկ հետությունը թողնում եմ ընթերցողներին»,- ասում է Գևորգյանը։
Վերադառնալով Հայաստանի սահմաններից ներս՝ Ազատ գյուղի երկնքում հայտնված թուրքական հետախուզական դրոնի առկայության փաստին, ազատամարտիկը նկատում է՝ եթե որևէ տարածքում հետախուզական դրոն է հանվում, ապա դա բացառապես մի նպատակ է հետապնդում՝ թշնամին հետախուզում է տարածքը. «Հետախուզական աշխատանքներ կատարվում են պատերազմենրից առաջ՝ ուսումնասիրելու համար տեղանքը,վայրերը և ռազմական սպասվելիք գործողություններին առնչվող այլ հանգամանքեր։ Բոլորովին պատահական չէ, որ հետախուզական դրոնը ՀՀ սահմանը հատել է հենց Թուրքիայից և, փաստորեն, նշանառության տակ վերցրել թիրախային բնակավայր, որովհետև գաղտնիք չէ՝ մեր երկրում այս պահի դրությամբ վտանգված է ոչ միայն Սյունիքը, այլև Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի և Արարտի մարզերն՝ իրենց մերձակայքով։ Եվ, ահա, թշնամական երկրի հետախուսազական դրոնն ուսումնասիրում է թիրախային հատվածը։ Խոսո՞ւմ է սա արդյոք այն մասին, որ առաջիկայում մեր սահմաններին ռազմական գործողություններ են պասվելու՝ այո։ Ի՞նչ է անում այս իշխանությունը՝ փոխանակ ամրապնդելու իր հարաբերությունները բնական դաշնակից Ռուսաստանի և բարեկամ հարևան Իրանի Իսլամական Հանրապետության հետ, զբաղված է թշնամու հետ գաղտնի, սեպարատ բանակցություններով։ Թե ո՞ւր է տանում այս ամենը մեր, առանց այն էլ, վտանգված երկիրն ու նրա սահմանները, կարծում եմ դժվար չէ կռահել»։
Ամփոփելով զրույցը, ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը հավելում է՝ սակայն ամեն ինչ չէ, որ կորած պետք է համարել.«Մենք հրաշալի շանս ունենք դուրս գալ այս ամենից ոչ միայն հաղթանակով, այլև մեր պետության դիրքերեն ամրապնդած՝ ունենալով այնպիսի դաշնակիցներ, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որոնց կենսական շահերն, ավելի քան, այս պահի դրությամբ համընկնում եմ մեր ազգային և պետական շահերին։ Սակայն, այս ամենն իրականություն դարձնելու և պետությունն ու պետականությունը չկորցնելու համար, նախ և առաջ, Հայաստանը պետք է ուշքի գա, վեր կանգնի բոլոր տեսակի ներքաղաքական անհամաձայնություններից և փոխի ազգադավ իշխանություններին, հակառակ պարագայում, մենք ստիպած կլինենք արձանագրել մեր պետության վախճանը»։