Search
Close this search box.

«Խոր ցավով տեղեկացա». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ՖԻԴԵ–ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա Վանիկ Զաքարյանի մահվան մասին: Ակնառու է Վանիկ Զաքարյանի ավանդը ոչ միայն հայկական շախմատի զարգացման ու հանրահռչակման գործում, այլև անչափ գնահատելի է նրա գիտական, մանկավարժական և հասարակական արգասավոր գործունեությունը, որի համար Վանիկ Զաքարյանը ժամանակին արժանվույնս գնահատվել է պետության կողմից՝ արժանանալով կոչումների և պարգևների, այդ թվում՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:
Վանիկ Զաքարյանի բազմակողմանի գործունեության մեջ շախմատը դարձել էր նրա երկրորդ մասնագիտությունը, և այդ բնագավառում նույնպես նա հասել էր փայլուն արդյունքների:
Վանիկ Զաքարյանը մարդկային բարձր որակներ ունեցող հետաքրքիր անհատականություն էր՝ իր յուրահատուկ հումորով ու սուր մտքով, և ես հաճույքով եմ հիշում մեր շփումները: Աղոթում եմ նրա հոգու հանգստության համար:

Խորին ցավակցություն եմ հայտնում մեր գիտական հասարակությանը, շախմատասերներին, վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Վանիկ Զաքարյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և ընկերներին՝ անդառնալի կորստի կապակցությամբ»,-ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական խոսքում:

Please enter a valid URL