Search
Close this search box.

ՌԴ ԱԳՆ-ն պատասխանում է ՔՊ-ական պատգամավորին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հայտարարությանն առ այն, որ իրեն հասկանալի չէ, թե ինչու է Ռուսաստանը պարզաբանում պահանջում Եվրոպայում ԱՄՆ–ի զորավարժություններին հայկական կողմի մասնակցության վերաբերյալ։ «Պետք է նշել, որ նա, ակնհայտորեն, հիմնվում է իր հորինած ձեւակերպման վրա ու զարմանում դրանից, կամ էլ նրա համար սխալ են թարգմանել»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի թելեգրամյան ալիքում։

Ներկայացնում ենք Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հարցուպատասխանը ապրիլի 12-ի ճեպազրույցում:

Հարց

Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումից։ Միեւնույն ժամանակ, որոշել է մասնակցել ՆԱՏՕ-ի երկրների զորավարժություններին։ Ինչպե՞ս է ՌԴ ԱԳՆ-ն գնահատում Երեւանի նման դիրքորոշումը։ Կարելի՞ է արդյոք Երեւանի կողմից այդ քայլը դիտարկել որպես անբայրացակամ, որը կարող է վատթարացնել մեր երկրների երկկողմ կապերը։

Պատասխան

Չեմ կրկնի եւ կհրավիրեմ ձեր ուշադրությունն այն բանի վրա, որ Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի թեման ես հենց նոր մեկնաբանեցի։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ–ին։ Դաշինքը շարունակում է գործընկեր երկրներին ակտիվորեն մանեւրումներին ներգրավելու պրակտիկան։ Դա անում է ՆԱՏՕ-ական ստանդարտների ներդրման միջոցով եւ փորձում է վերափոխել այդ պետությունների պաշտպանական համալիրը, ազդեցության լծակներ ստանալ դրանց ներքին եւ արտաքին քաղաքական գործընթացների, ԶՈՒ զարգացման ընթացքի նկատմամբ։ Նախեւառաջ դա վերաբերում է հետխորհրդային տարածքին, որը ՆԱՏՕ-ի համար Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական առճակատման իսկական դաշտ է։ ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները փորձում են վարկաբեկել տարածաշրջանի երկրների համագործակցությունը մեր երկրի հետ։ Ներքաշում են դրանց հակառուսական, երբեմն էլ ռուսատյաց բնույթ կրող փոխգործակցության տարատեսակ ձեւաչափերի մեջ։ ՆԱՏՕ-ի նման գործողությունները տանում են տարբեր տարածաշրջաններում իրավիճակի ապակայունացման, հակամարտային ներուժի աճի եւ նոր բաժանարար գծերի ստեղծման։ Հայ գործընկերներից պաշտոնական պարզաբանում ենք հայցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին իրենց մասնակցության վերաբերյալ։ Մեր արձագանքը պարզ կլինի պատասխանը ստանալուց հետո։ Անկասկած, իր տարածքում ՀԱՊԿ-ի գծով մանեւրումների անցկացումից Երեւանի հրաժարումը ափսոսանք է առաջացնում եւ չի նպատսում տարածաշրջանային անվտանգության բարձրացմանը։ Արթուր Հովհաննիսյանի համար, հավանաբար, սխալ են թարգմանել։

Please enter a valid URL