Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքը։
Նշվում է, որ հանդիպումն անցկացվել է այսօր Սամարղանդում՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Կարևորվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացումը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020- 2022թթ.պայմանավորվածություններին համապատասխան»,- նշված է հաղորդագրության մեջ:
ԱԳ նախարարները պայմանավորվել են դիվանագիտական թեմաներով հետագա շփումների մասին։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել մարտի 20-ին Մոսկվայում: