Կասկածի տակ չեմ դնում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ասածները, որ ինչ-որ ձեւաչափով մասնակցել են իրենք, բայց կռվել է ՀՀ զինված ուժերը, եթե մենք չկռկվեինք, զոհեր չտայինք, ինչքան ուզում է՝ ՌԴ արտաքին գերատեսչությունը զանգեր աներ աջ ու ձախ: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Տիկին Զախարովան նաեւ ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության անմիջական մասնակցությամբ գործողությունները ստացել են դադար: Կասկածի տակ չեմ դնում տիկին Զախարովայի ասածները, որ ինչ-որ ձեւաչափով մասնակցել են, բայց կռվել է ՀՀ զինված ուժերը, եթե մենք չկռկվեինք, զոհեր չտայինք, ինչքան ուզում է՝ ՌԴ արտաքին գերատեսչությունը զանգեր աներ աջ ու ձախ, դա խնդրի լուծմանը չէր տանելու եւ խնդիրը լուծվել է բացառապես մեր ԶՈՒ-երի եւ մեր զինվորականության քաջարի գործուղությունների արդյունքում»,- ասաց Քոչարյանը:
Անդրադառնալով Զախարովայի այն հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը արձագանքեց. «Հայաստանի Հանրապետությունն առաջ է շարժվում ՀՀ պետական շահերով եւ ամեն ինչ անում է իր զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ, եւ այդպես էլ շարունակվելու է: Հայաստանի Հանրապետությունը իր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ շարունակում է ջերմ, բարեկամական հարաբերությունները: Իր ջերմ հարաբերությունները շարունակում է նաեւ այլ երկրների մեր գործընկերների հետ»: