«Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով, կարծում եմ, կարևոր է նախորդ օրը Եվրոմիության կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991 թվականի սահմանագիծը: Խոսքը Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ միջև գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում հռչակագրով վերածվել է պետական սահմանի:
Ահա, այդ սահմանագիծը պետք է հարգվի. արձանագրվել է Եվրոմիության արձանագրության մեջ: Դրանում ընդգծվում է այդ սահմանագծից երկու կողմերի զինված ուժերի ետ քաշումը ապահով հեռավորության վրա՝ որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք»,- այս մասին նախորդ օրը՝ Կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ այսօրվա ճեպազրույցների ժամին լրագրողները ՔՊ-ական պատգամավորներից պարզաբանում խնդրեցին. «Առաջին անգամ չի հնչեցվում, որ զորքերի հայելային տեղաշարժ անենք, որն էդպես էլ մնացել է անպատասխան»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: Լրագրողի դիտարկմանը՝ քարտեզներ հրապարակվեցին, որտեղ Տիգրանաշենն էր վտանգի տակ դրվում, Տավուշի մարզի այսպես կոչված անկլավները. քարտեզները կապ ունե՞ն Փաշինյանի հայտարարության հետ, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Մենք շարժվում ենք մեր ձեռքի տակ եղած մեր պետական սահմանի հետ կապված քարտեզներով. ռազմական մասը հաստատված է նաև ԳՇ-ի մշտական օգտագործված քարտեզներով Սովետական միության»: