Search
Close this search box.

Սեյրան Օհանյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչ է քննարկվել ԶՈւ ղեկավար կազմի հետ

ԳՇ պետը դիվանագիտական եւ քաղաքական մի շարք հարցերի չի տիրապետում, եւ դա քաղաքական իշխանության բացթողումներից է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ում ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի հետ փակ քննարկումից հետո ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Բավականին բուռն քննարկում տեղի ունեցավ 3 ժամ եւ մի քիչ էլ ավելի: Այդ քննարկումների ընթացքում իրենք ներկայացրեցին իրավիճակը Տեղ գյուղի հատվածում, նաեւ պատասխանեցին շատ մտահոգիչ հարցերի, որոնք վերաբերում են ուժային կառույցներին, զինված ուժերին եւ այլ հատվածներում հակառակորդի հնարավոր սադրանքների, եւ մեր պատրաստության վերաբերյալ»,- ասաց Օհանյանը:

«Բացթողումները վերաբերում են ՀՀ քաղաքական իշխանությունների գործողություններին, որոնք որ պետք է կանխավ համագործակցություն կազմակերպեն ուժային կառույցների միջեւ: Մենք պետք է այդ խնդիրներին վերաբերենք չափազանց լուրջ, դիրքերի զբաղեցումը, պաշտպանությունը եւ այլնը պետք է տեղի ունենա այն շահերից ելնելով, որը բխում է հայկական կողմից»,- ասաց նա:

Հարցին՝ այդ հանդիպման ընթացքում հայտնի՞ դարձավ, թե ում բացթողումն էր, Օհանյանն ասաց, որ քաղաքական իշխանությունը պետք է կազմակերպեր համագործակցություն, առաջընթացով աշխատանք եւ լուրջ նախապատրաստություն.

«Մերոնք ուշացել են, դրա համար հակառակորդը զբաղեցրել է այն հատվածով, որտեղ ԱԱԾ-ն է խնդիրներ իրականացրել: Շատ քաղաքական հարցեր, բանակցություններին վերաբերող խնդիրների պատասխանները քաղաքական իշխանության խնդիրն է, ոչ թե զինվորականների»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե տրվել են հանձնարարականներ, սակայն թերացումներ են եղել, Օհանյանն ասաց, որ այժմ անցկացվում է ծառայողական քննություն.

«Քննության արդյունքով իրենք այդ պատասխանները կտան եւ կներկայացնեն հանրությանը: Երբ իրենք չեն ասում, թե որոնք են թերությունները, առանց ծառայողական քննության միանգամից պաշտոնյաներին հանում են, դա նշանակում է, որ ղեկավարությունը նորից հանդես է գալիս դատավորի դիրքում եւ ինքնուրույն որոշումեր կայացնում՝ առանց մանրակրկիտ ուսումնասիրելու»:

Please enter a valid URL