Ծանրամարտի Ադրբեջանի հավաքականն այսօր ուղևորվել է Հայաստան: Ինչպես հայտնի է, ադրբեջանցի մարզիկները հանդես են գալու Հայաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։
Հայտնի է, որ թիմը Երևան է ուղևորվել Թբիլիսիով։ Սպասվում է, որ մարզական պատվիրակության կազմում կլինի ընդհանուր առմամբ 12 հոգի։
Երեք ծանրորդ և մեկ ծանրորդուհի Երևանում առաջնության հարթակ կբարձրանան՝ Իսա Ռուստամովը (67 կգ), Օմար Ջավադովը (73 կգ), Ալի Շուքուրլուն (102 կգ) և Նազիլա Իսմայիլովան (49 կգ):
Առաջիկա Եվրոպայի առաջնությունը չափազանց կարևոր է 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու արտոնագրային միավորներ շահելու առումով։ Այդպիսի մրցումներն ընդամենը վեցն են, որոնցից գոնե մեկին չմասնակցելը նվազեցնում է օլիմպիական արտոնագրեր ստանալու հնարավորությունները։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Գերմանիայում վնասվածք ստացած և արդեն վիրահատված ադրբեջանցի առաջատար ծանրորդ Դադաշ Դադաշբեյլիի բացակայության պայմաններում թիմը Երևան է ուղևորվել ոչ այնքան մեդալների, որքան արտոնագրային միավորների համար։
Մրցումները կանցկացվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-ից 23-ը։
Նազիլա Իսմայիլովան ելույթ կունենա առաջնության առաջին օրը, Իսա Ռուստամովը՝ ապրիլի 17-ին, Օմար Ջավադովը՝ 18-ին, Ալի Շուքուրլուն՝ 21-ին։
Ընդհանուր առմամբ, Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 40 երկրների ծանրորդներ։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի մասնակցությունն ավելի վաղ հաստատել էին երկրի ծանրամարտի ֆեդերացիայից՝ նշելով, որ ստացել են իրենց մարզիկների համար համապատասխան անվտանգության երաշխիքներ։
Հայաստանը չէր կարող մերժել ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը, քանի որ առաջնության «տերը» միջազգային ֆեդերացիան է. ինչքան էլ այն անցկացվի Հայաստանում, մենք պարտավոր ենք ենթարկվել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ընդունած նորմերին։
Հիշեցնենք նաև, որ վերջին անգամ ադրբեջանցի մարզիկները Հայաստան են եկել 2009 թվականին Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության ժամանակ։