Հակառակ Ադրբեջանի պնդումներին` ԵԱՀԿ Մինսկի խումբը գոյություն ունի, այլ հարց է, որ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով համանախագահության գործունեությունը այս պահին սառեցված է։ Այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Մենք չեն կարող առաջնորդվել ադրբեջանական պնդումներով, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ իրենք իրենց ներսում երբեմն հակասություններ ունեն, կարող ենք հիշել Լաչինի միջանցքի օրինակը, երբ Ադրբեջանը պնդում էր որ միջանցքը փակ չէ, հետո զուգահեռաբար ասում էր, որ արգելափակված է քաղաքացիական ակտիվիստներով։ Եթե մենք առաջնորդվենք ադրբեջանական հայտարարություններով, ապա կատարյալ շփոթի մեջ կհայտնվենք», — ասաց Միրզոյանը։
Նախարարի խոսքով ՝ Ադրբեջանը պնդում է, որ ոչ միայն Մինսկի խումբը գոյություն չունի, այլ նաև Լեռնային Ղարաբաղ ու ԼՂ հակամարտություն գոյություն չունի, բայց փաստն այլ է։
«Այս ձևաչափը դեռևս անելիքներ ունի՝ կապված Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների խնդիրների լուծման գործում»,- շեշտեց Միրզոյանը։
Նա հիշեցրեց Մարկ Տվենի հայտնի տողերը` այդ մասին խոսակցությունները մի փոքր չափազանցված են։