Երեկ՝ ապրիլի 12-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով ժամը 18:30-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կապանի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կապան խոշորացված համայնքի Շղարշիկ Բանավանի տարածքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի խողովակաշարի պահպանման պահակակետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, նշված գործարանում որպես պահնորդ աշխատող 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանն է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային 6 վնասվածք, այդ թվում գլխի և որովայնի հատվածում:
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: