Search
Close this search box.

Տեղ գյուղի դիրքերում զոհված Նարեկը Սևան համայնքից էր, հատուկջոկատային, 2017 թվականից նա միշտ եղել է ամենաթեժ կետերում

Ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ գյուղում փոխհրաձգություն ժամանակ հայկական կողմի չորս զոհերից մեկը՝ Նարեկ Սարգսյանը, Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքից էր, հատուկջոկատային։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, Նարեկ Գագիկի Սարգսյանն ամուսնացած չէր, հունիսին կդառնար 29 տարեկան։ Ընտանիքում երեք եղբայր են, ինքը միջնեկն էր։ Մայրը` Արմինե Ղուկասյանը, երկար տարիներ աշխատել է դպրոցում որպես ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի։ Նարեկը Սեւանի հիմնական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Սեւանի քոլեջ՝ ծրագրավորման բաժին։ «Նարեկը պարկեշտ, խելացի, համեստ, կազմակերպված, ընտանիքին նվիրված տղա էր, հատուկջոկատային։ 2017 թվականից նա միշտ եղել է ամենաթեժ կետերում, այնտեղ, որտեղ իր կարիքը զգացել են։ Ինքը ոչինչ չէր պատմում, չէր սիրում իր մասին խոսել, բայց գիտեինք, որ մեր հայրենիքի նվիրյալներից մեկն է։ Լույսի ու հավերժության ճանապարհը բռնեց մեր հերոսը, ով իր ծառայության ընթացքում հասցրել էր դառնալ հայրենիքի պաշտպան, ով լավ գիտեր այս հողի ու խաղաղության գինը: Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, համայնքապետարանի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամներն անհուն կսկիծով կիսում են Սարգսյանների ընտանիքի վիշտը՝ հայտնելով իրենց ցավակցությունն ու զորակցությունը, մաղթելով հոգու կորով, համբերություն եւ տոկունություն»,-ներկայացրեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը։

Please enter a valid URL