Երևանը փաստացի մնաց առանց քաղաքապետ. Երևանի ավագանու ՔՊ-ական խմբակցությունը բոյկոտեց քաղաքապետ ընտրելու համար հրավիրված արտահերթ նիստը, չառաջադրեց քաղաքապետ, ինչի արդյունքում օրերս հրաժարական տված Հրաչյա Սարգսյանի փոխարեն նոր քաղաքապետ չընտրվեց:
Իշխանությունը, կամ ավելի կոնկրետ Նիկոլ Փաշինյանը, հորդորել էր Սարգսյանին հրաժարական տալ, որովհետև ինչպես արդեն առիթ ունեցել ենք ասելու, Երևանի քաղաքապետարանում իրավիճակը վերածվել էր մարիոնետների թատրոնի՝ քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն էր, բայց տիկնիկավարը Տիգրան Ավինյանը:
Հիմա Փաշինյանը կարող է Ավինյանին նշանակել քաղաքապետի պաշտոնակատար, որ նա մինչև սեպտեմբեր կազմակերպի քաղաքապետի ընտրությունն իր թիմով, իր ուզած ձևով: Քաղաքապետի արտահերթ ընտրություններ չեն լինի. առաջիկա հինգ ամիսները հազիվ բավարարեն երևանցիների ուղեղները լվանալու, թայֆաներին ուղղորդելու և ձայն բերողներին կոնսոլիդացնելու համար:
ՔՊ-ն գիտի, որ արդար ընտրություններով հաջողելու ոչ մի հնարավորություն չունի, իրենց միակ հույսը ընտրողներին մանիպուլացնելն ու իրենց կամքը պարտադրելն է:
Գործող տիտուլային կամ համակարգային ընդդիմությունը` ՀՀԿ-ն, Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք»-ը, «Հայաստան» դաշինքը կարծես թե հակված էլ չեն խանգարել Փաշինյանին իրագործելու իր ծրագրերը: Նրանք ընդամենը ընդդիմության իմիտացիա են ստեղծում, ինչը սակայն այնքան կեղծ ու սարքովի է, որ հասարակությունն արդեն չի էլ հավատում նրանց խաղին: Նրանց ընդդիմություն լինելը շատ նման է արդեն տեսած ֆիլմը դիտելուն, երբ վերջաբանն ի սկզբանե հայտնի է:
Իսկ Փաշինյանի համար նախկինների ընդդիմություն լինելը լավագույն զենքն է սեփական իշխանությունն ամրապնդելու համար:
Բայց քաղաքապետի ընտրությունները, որպես հասարակությանը մոբիլիզացնելու և գործող իշխանությանը մերժելու հնարավորություն, չի կարելի բաց թողնել: Երևանի քաղաքապետի ընտրությունները պետք է դիտարկել որպես իշխանափոխության սկիզբ, դրա հիմնարկեք: Փաշինյանին և ՔՊ-ին մերժելու սկիզբը պետք է դրվի Երևանից, որ հետագայում տարածվի ամբողջ Հայաստանով:
Ով կամ որ կուսակցությունը կարող է իսկապես վերցնել իշխանությանն անվստահության հայտնելու դրոշը և Երևանի քաղաքապետի ընտրությանը գնալ ոչ թե պոպուլիստական խոստումների հրաբխով` «տարեկան երեք մետրոյի կայարան», «Երևանը վերածենք նոր Սինգապուրի» կամ «յուրաքանչյուր երևանցուն մեկ ավտոբուս» կարգախոսներով, այլ համոզել, որ իրեն ձայն տալով՝ իրական փոփոխություններ կլինեն ոչ միայն Երևանում, այլ ամբողջ Հայաստանում: Բացատրել ընտրողին, որ եթե Երևանում իշխող ռեժիմը պարտվում է, նրա լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում ամբողջ երկրում:
Չնայած կուսակցությունների առատությանն ու բազմազանությանը շատ քիչ կուսակցություններ է, որ ունեն բավարար ռեսուրս և փորձ գործող իշխանությանն այլընտրանք ներկայանալու և հասարակության վստահությունը շահելու համար: Բայց, այնուամենայնիվ, այդպիսի ուժեր կան. «Ապրելու երկիր», «Արդար Հայաստան» և էլի մի քանի կուսակցություններ հայտարարել կամ առնվազն ակնարկել են, որ պատրաստվում են մասնակցել ավագանու ընտրություններին:
Առաջիկայում հնարավոր է լինեն նաև այլ մասնակցության հայտեր ևս:
Ընտրողը հիմա ավելի գրագետ ու զգուշավոր է դարձել, վերջին տարիների փորձը նրան բերել է այն համոզման, որ կարևոր է ոչ միայն այն, թե ինչ են ասում կամ խոստանում իրեն, այլ թե ով է այդ խոստացողը: Հասարակությունն իր վստահության քվեն տալու է հանրային կառավարման փորձ և հմտություն ունեցող, իրենց չվարկաբեկած ու սկզբունքային գործիչների: Մարդկանց, ովքեր ոչ միայն կարող են լավ խոսել, այլ ունակ են գործել, իրապես փոխել գործող անհանդուրժելի իրականությունը:
Մենք հակված ենք հավատալու, որ առաջիկա ընտրությունների մասնակիցների մեջ կլինեն անկաշառ, հեղինակավոր և փորձառու առաջնորդների թիմեր, ովքեր կկարողանան իրական այլընտրանք առաջադրել հասարակությանը, որ գոնե այս անգամ հասարակությունը չգնա ընտրության վատի ու վատթարի, կամ վատթարագույնի միջև, այլ կընտրի մի ուժի, կամ գուցե ուժերի դաշինքի, ով իսկապես արժանի կլինի ղեկավարել Երևանն առաջիկա 5 տարիներին:
Պոպուլիսների ու դեմագոգների ժամանակը այլևս սպառված է, հիմա պետք են փորձառու և գործելու ունակ առաջնորդներ:
ArmLife.am