Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակ 3-րդ վաշտ պարեկներ Մարինե Հարությունյանն ու Սերգեյ Հարությունյանը ծառայություն կատարելիս նկատել են որ «Հաղթանակ» կամրջի տակ քաղաքացի կա ընկած։
Պարեկները ոտքով մոտ 1 կիլոմետր դժվարանցանելի ճանապարհով մոտենում են ընկած քաղաքացուն և պարզում, որ նա ունի վնասվածքներ ու ահազանում են 1-03։
Մինչ շտապօգնության խումբը օպերատիվորեն կժամաներ, պարեկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերում անօգնական տղամարդուն, ապա ժամանած բժիշկները նրան տեղափոխում եմ հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Պարեկներն ու բժիշկները վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Ոստիկանությունը պարզում է տղամարդու ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություներով նա Երևանի բնակիչ 49-ամյա Արսեն Գ-ն է։
Տեղի ունեցածը անզգուշություն է, թե ինքնասպանության փորձ, պարզվում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժնում, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։