Երեկ Տեղ գյուղի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքը կարող էր կանխվել։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Կան ականապայթունային և ոչ ականապայթունային ինժեներական սարքավորումներ։ Գոնե ճանապարհների վրա պետք է լինեին շարժական արգելափակոցներ։ Այդ դեպքում նրանք չէին մոտենա մեր դիրքերին, և այս կրակոցները չէին լինի»,– ասաց նա։
Ըստ պատգամավորի` ռազմաքաղաքական իրավիճակի գնահատումներում ՀՀ իշխանությունները թերանում են և ուշանում։
«Հակառակորդի սադրանքների և առաջխաղացումների շարանը շարունակվում է, դա հետևանքն է նրա, որ հառակորդը ավելի արագ է։ Ավելի շուտ է ադապտացվում ցանկացած տեղանքի և ավելի արագ է ինժեներական կառույցներ իրականացնում։ Նրանք, իրենց հետևում ոչ մի բնակեցված բնակավայր չունենալով, ավելի արագ են բարձրացրել մեր ռազմավարական կետերը, բարձունքները, հայտնվել մեր ճանապարհին»,– նշեց Օհանյանը։
Նրա խոսքով` հայկական կողմը, ունենալով ենթակառույցներ, ասֆալտապատ ճանապարհներ, սահմանային բնակիչներ, չի կարողացել շինարարական ինժեներական ամբողջ ներուժն օգտագործել և զինծառայողներին արագ ապահովել ինժեներական համապատասխան անվտանգ կառույցներով։
Պաշտպանության նախկին նախարարը վստահեցրեց, որ նախկինում այս հարցում երբևէ թերացում չի եղել։
Օհանյանը վստահություն հայտնեց, որ անգամ իր քննադատություններից ու խորհուրդներից հետո ՀՀ ներկայիս իշխանությունը հետևություններ չի անելու։
«Միայն ասում են` տա Աստված` վերջին միջադեպը լինի, բայց արդյոք հետևություններ կանե՞ն, արդյոք չի՞ լինեի կրկին նման դեպք մեկ այլ հատվածում… Ես խորհուրդ եմ տալիս նրանց, որ լուրջ հետևություններ անեն և կազմակերպեն մեր պաշտպանությունը, ինժեներական կահավորումը»,– հավելեց նա։
Պատգամավորի գնահատմամբ՝ եթե իշխող ուժն անընդհատ սխալներ է թույլ տալիս, դա խոսում է այն մասին, որ հետևություններ չեն անում կամ էլ միտումնավոր են անում։