Ադրբեջանում պահվող հայ գերիների` հայրենիք վերադարձի համար դիվանագիտական բոլոր հնարավոր խողովակներն օգտագործվում են։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` անդրադառնալով այսօր Շիրակի մարզում տեղի ունեցած ակցիային։
«Այս հարցը գուցե հրապարակային մեր օրակարգերում չլսեք, քանի որ Ադրբեջանի նպատակը դա է, որ այս հարցը շահարկվի և որպես գործիք օգտագործվի բանակցությունների համար։ Սակայն շեշտում եմ, որ գերիների հարցը մեզ համար բանակցությունների առարկա չէ` հստակ է, որ գերիները պետք է անհապաղ հայրենադարձվեն»,–ասել է Խանդանյանը։
Նրա խոսքով` հայկական կողմի գիտակցումը կա նաև միջազգային գործընկերների հետ և հայկական կողմն անդադար պահանջում է, որ Ադրբեջանի վրա ճնշումն ավելացվի այս առումով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հադրութի շրջանի Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարվածների հարազատները փակել են Գյումրի֊Բավրա միջպետական ճանապարհը և պահանջում են վերադարձնել իրենց զավակներին։