ՀՀ–ում վարժական հավաքների մասնակիցների ամսական եկամուտն ամբողջությամբ կպահպանվի։ ՀՀ ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում է, որ վարժական հավաքի կանչված աշխատող քաղաքացու աշխատավարձը կպահպանվի, մի մասը կտա պետությունը, մյուսը՝ գործատուն:
Նշենք, որ կառավարությունն այս օրենսդրական նախաձեռնությունը համարել է անհետաձգելի։
Օրինագծի հիմնական բովանդակությունը չի փոխվել։ Գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար կվճարվի աշխատողի հիմնական աշխատավարձի և որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը։
Օրինակ` եթե աշխատողը ստանում է 200 հազար դրամ, իսկ հավաքներին ստանում է 100 հազար դրամ, ապա գործատուն պետք է առնվազն լրացնի 100 հազար դրամ բացը։
Միաժամանակ օրինագծում մի շարք ճշգրտումներ են կատարվել։ Ինչպես նշեց փոխնախարարը, մասնավոր ընկերությունները ցանկության դեպքում կկարողանան աշխատողին աշխատավարձ վճարել ամբողջությամբ (ի հավելում վճարված տարբերությանը), իսկ պետական ձեռնարկությունները չեն կարողանա նման հավելավճարներ կատարել (ելնելով աշխատավարձային ֆոնդի սահմանափակումներից):
«Այս փոփոխությունը ազդելու է նրանց վրա, որոնց աշխատող–գործատու հարաբերությունները աշխատանքային են, ոչ թե ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատողների»,–ասաց փոխնախարարը։
Բացի այդ, հստակեցվում է, որ աջակցությունը տարածվում է հավաքներին գտնվելու համար մինչև 30 օրացուցային օր ժամկետով։
Հիշեցնենք, որ պահեստազորայինների հերթական վարժական հավաքները կանցկացվեն Հայաստանում ապրիլի 15-ից հունիսի 15-ը: