Բաքուն «կողմնակալ» և «հուզական» (չակերտները՝ Tert.am) է որակել Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանանիի հայտարարությունները՝ կապված Իրանի դեսպանատան մի քանի աշխատակիցների Ադրբեջանից վտարման հետ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն ավելի վաղ «պերսոնա նոն գրատա» էր հայտարարել Բաքվում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության չորս աշխատակցի՝ «դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող և դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեության համար»։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն այս կապակցությամբ ասել է, որ Իրանի ԱԳՆ խոսնակի պնդումները, որ Իրանի դեսպանատան աշխատակիցների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների որոշումը հակասում է բարիդրացիության սկզբունքներին, «հիմք չունեն» (չակերտները՝ Tert.am)։
Հաջիզադեն ընդգծել է, որ Ադրբեջանի տարածքում «անօրինական գործողություններն» անհամատեղելի են բարիդրացիական հարաբերությունների հետ:
«Իսլամական համերաշխությունը չի ենթադրում «կրոնի օգտագործում քաղաքական նպատակներով» ( «միջամտություն» հարևան պետությունների ներքին գործերին, աջակցություն մեկ այլ մահմեդական երկրի «տարածքների օկուպացմանը» : Ադրբեջանն իր հարևանների հետ հարաբերությունները կառուցում է «փոխադարձության սկզբունքների» հիման վրա: Բաքուն երբեք շահագրգռված չի եղել որևէ երկրի հետ հարաբերությունների խզմամբ. Ադրբեջանի ձեռնարկած «ադեկվատ միջոցները» միշտ եղել են սադրիչ ու բորբոքող քայլերի արձագանքը»,- ասել է նա։