Հայաստանի հարավային սահմաններում տիրող իրավիճակի վերաբերյալ «Փաստինֆո» լրատվականը զրուցել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ — գնդապես Մովսես Հակոբյանի հետ։
— Պարոն Հակոբյան, հատկապես վերջին շրջանում տպավորություն է, թե Սյունիքում և ՀՀ հարավային սահմանների ուղղությամբ տոտալ ամենաթողություն է տիրում։ Թշնամին, կարծես, արդեն, դիրքավորվել է Տեղ գյուղում։
— Հակառակորդն անում է այն, ինչ ցանկանում է։
— Իսկ ինչո՞ւ է այդպես, սա ի՞նչ անտարբեր ամենաթողություն է։
— Խնդիրը դիմադրության բացակայության մեջ է։
— Իսկ որտե՞ղ է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
— Նախարարությունն իր տեղում է՝ այնտեղ, որտեղ վարչական շենքն է։
— Իսկ որտե՞ղ են Հայաստանի Հանրապետության սահմանների և անվտանգության պատասխանատուները, որ պետք է լինեին այդ շենքում։
— Իրենք պետք է իմանան իրենց տեղն ու անելիքը, ես իրենցից տեղյակ չեմ։
— Ինչո՞վ է պայմանավորված, ձեր կարծիքով, այս տոտալ անտարբերությունը։
— Չեմ կարող հստակ նշել պատճառները։ Գուցե չիմացություն, գուցե անփույթ վերաբերմունք կամ էլ՝ մեկ այլ բան։
— Ի՞նչ բան։
— Միտումնավոր անգործություն։
— Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները հաստատում են, որ ՊՆ նախարար Պապիկյանը ներքին կարգով արգելել է օգտագործել Արցախի Հանրապետություն ձևակերպումը։ Ինչպե՞ս կարելի է սա մեկնաբանել, կա՞ որևէ մեկնաբանություն։
— Միայն այն դեպքում, եթե իր համար Արցախի Հանրապետությունը գոյություն չունենա։
— Կարո՞ղ է, արդյո՞ք, այս իրավիճակը հանգեցնել փափուկ ուժով, առանց ռազմական գործողությունների, այսպես կոչված, միջանցքի տրամադրման թշնամուն։
— Միջանցք ասվածը, որպես այդպիսին, գոյություն չունի։ Կա ճանապարհահատված, որտեղով ադրբեջանական կողմը կարող է անացուդարձ անել՝ անարգելք։ Թե ո՞ր տեղանքներով կանցնի այդ ճանապարհը, միանձնյա կերպով որոշում է Ադրբեջանը։
— Իսկ ի՞նչ է անելու այնտեղ ապրող ժողովուրդը, որ հայտնվել է թշնամու վտանգավոր նշանակետում։
— Ժողովրդին ղեկավարող առաջնորդ է պետք։
— Կարծես թե ինչ — որ մեկը կա՝ անունը Նիկոլ է։
— Ինձ համար ինքն առաջնորդ չէ։ Ինքը մեր քաղաքացիների մի մասի կողմից ընտրված վարչապետ է։
— Վարչապետ է, բայց առաջնորդ չէ՞…
— Ինձ համար՝ ոչ։
— Պարզ է…Պարոն Հակոբյան, կասե՞ք, որ ուղղություններով պետք է սպասել առաջիկա ռազմական բախումները, եթե դրանք տեղի ունենան։
— Առաջիկա շաբաթների ընթացքում ռազմական բախումներ անպայման կլինեն և կլինեն դրանք երկրի առավել վտանգված հատվածներում այնտեղ, որտեղ հակառակորդն առաջխաղացումներ է ունեցել։ Դեռևս անցյալ տարվա սեպտեմբերից, ադրբեջանական կողմն անթաքույց կերպով իր նախագահի բերանով հայտարարեց, որ հարավային հատվածում պլացդարմ է ստեղծել՝գրավելով ռազմական նշանակության մի շարք կարևորագույն բարձունքներ և դա արել է հետագա ռազմական գործողությունների զարգացման նպատակով։
— Անցյալ տարվա սեպտեմբերի տվյալներով՝ ադրբեջանական կողմը Ջերմուկ քաղաքում մի շարք ռազմական նշանակության բարձունքների տիրացավ։ Ուրեմն, առաջին հարվածը Ջերմուկի՞ց սպասենք։
— Առաջին հերթին վտանգված են Ջերմուկ, Վարդենիս, Սիսիան ուղղությունները։