ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Գեղամ Մանուկյանն անդրադարձավ Սյունիքի մարզի Տեղ համայքում ադրբեջանցիների դիրքավորմանը և թղթի վրա ցույց տվեց՝ ինչ սկզբունքով են տեղակայվել սահմանապահները։
«Ես թղթի վրա նկարագրեմ, որ հասկանաք՝ Հայաստանում իշխանություն չկա։ Պայմանավորվել են՝ ադրբեջանցին այստեղ է նստում, հայ սահմանապահը՝ այստեղ և դեռ պարզ էլ չէ՝ ինչի հիման վրա են պայմանավորվել։ Առնվազն մի քիչ խելք ունեցող մարդը, երբ պայմանավորվում է, կանխարգելիչ քայլերը անում է, որ իր սահմանապահները նշված կետերում նստեն։ Ինչ է կատարվել․ ադրբեջանցին եկել է, տեսել է մարդ չկա, առաջ է եկել ու հասել Տեղ գյուղի սահման՝ գրավելով հայկական և՛ տարածքներ, և՛ հանդեր, ինչպես նաև գյուղացիների ունեցվածքը։ Սրանից հետո՝ ի՞նչն են բանակցում», — ասաց պատգամավորը։
Գեղամ Մանուկյանն ընդգծեց, որ եթե սահմանի երկայնքով ժամանակին ապահովական միջոցառումներ ձեռնարկվեին, չէր լինի այն, ինչ եղավ Տեղ գյուղում։
«Այդ մարդը թուրքին բերել, նստեցրել է հայկական տարածքում, հիմա փորձում է ինչ-որ հարցերում համաձայնության գալ։ Ցավոք սրտի, երեք տարվա դառը փորձ ուենք այն բանի, որ ադրբեջանցին որտեղ մտնում է, հետո դժվար է լինում նրան հանել»,- ասաց Գեղամ Մանուկյանը։