Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը կարողանում է օգտագործել իր կենսաթոշակի չնչին մասը. նրա հաշիվների վրա կալանք է դրված

«Հրապարակ» թերթը գրում է․ «Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը տեւական ժամանակ է՝ օրենքով իրեն հասանելիք կենսաթոշակը ողջ ծավալով չի ստանում։ Մեր տեղեկություններով, ՀՀ երրորդ նախագահը կարողանում է օգտագործել իր կենսաթոշակի չնչին մասը։ Պատճառը նրա դեմ հարուցված քրեական գործն է եւ նրա հաշիվների վրա դրված կալանքը։ Նշենք, որ պաշտոնաթող նախագահին օրենքով հատուկ կենսաթոշակ է հասանելի, այն հաշվարկվում է նախագահի պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից մեր հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանի թոշակը փոխանցո՞ւմ են, չպատասխանեցին՝ հղում կատարելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին, սակայն Սերժ Սարգսյանի գրասենյակից հաստատեցին, որ նախագահի թոշակի վրա կալանք է դրված։

«Հանրապետության պաշտոնաթող նախագահի համար օրենքով նշանակված է հատուկ կենսաթոշակ, եւ ՀՀ երրորդ նախագահին դրա շրջանակներում հատկացվում է կենսաթոշակ։ Նախագահ Սարգսյանի հանդեպ հարուցված քրեական գործի, իսկ իրականում՝ քաղաքական հետապնդման հետեւանքով, գործող օրենսդրական կարգավորումների շրջանակներում, նրա կենսաթոշակի մի մասի վրա կիրառվել է արգելանք»,- պատասխանել են Սերժ Սարգսյանի գրասենյակից։ Հիշեցնենք, որ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը կապված է նրա պաշտոնավարման ժամանակահատվածում պետության միջոցներից 489 մլն 160 հազար դրամի հափշտակությունը ենթադրաբար կատարելու դեպքի հետ։ Այս գործն առավել հայտնի է որպես «սալյարկայի» գործ եւ Սերժ Սարգսյանին առաջադրված միակ մեղադրանքն է։

Մենք տեղեկացել էինք նաեւ, որ Սերժ Սարգսյանի գրասենյակի գործունեության համար նույնպես կառավարությունը գումարներ չի հատկացնում, մինչդեռ օրենքով սահմանված է, որ պաշտոնաթող նախագահները պետք է գրասենյակ ունենան։ Սարգսյանի գրասենյակից այս տեղեկությունը նույնպես հաստատել են։
«ՀՀ կառավարության կողմից ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ֆինանսավորման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական բյուջեից պաշտոնաթող հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը ֆինանսավորվում է միայն գրասենյակի աշխատողների (երեք հաստիքային միավոր) աշխատանքի վարձատրության մասով։ Պետական բյուջեից պաշտոնաթող ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի գործունեության իրականացման համար ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված այլ ուղղություններով նախագահ Սարգսյանի գրասենյակը որեւէ այլ ֆինանսավորում չի ստանում»։

Գրասենյակից հետաքրքրվել էինք նաեւ, թե ինչ ճակատագիր ունեցավ Սերժ Սարգսյանի կեցավայրի հարցը, օրենքով նախկին նախագահները պետք է պետության կողմից բնակարան ստանան, հարցրինք՝ Սերժ Սարգսյանին բնակարան կամ այն գնելու համար համապատասխան գումար փոխանցվե՞լ է։ Հիշեցնենք, որ նրան 2018-19 թվականներին կեցավայրի մի քանի առաջարկ արվեց, նա հրաժարվեց առաջարկված տարբերակներից, եւ պետությունը դրանից հետո, մեր տեղեկություններով, որեւէ առաջարկ չի արել: «Ինչ վերաբերում է պաշտոնաթող ՀՀ երրորդ նախագահին օրենքով նախատեսված կարգով բնակարանով ապահովելուն, տեղեկացնում ենք, որ մինչ օրս այդ հարցը լուծված չէ։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը դեռեւս 2018թ. ԶԼՄ-ներին հայտնել էր, որ իրենք «փնտրտուքի արդյունքում չեն գտել համապատասխան պետական գույք, որը համադրելի լինի նախորդ երկու պաշտոնաթող նախագահներին տրամադրված տարածքների չափորոշիչների հետ, որը որպես ելակետային հիմք են ընդունել փնտրտուքի համար»։

Աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել էր նաեւ, որ չկարողանալով գտնել իրենց նշած չափորոշիչներին համարժեք գույք, որոշել են պետության կողմից գնել մասնավոր տարածք եւ տրամադրել նախագահ Սարգսյանին»»:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Please enter a valid URL