Search
Close this search box.

Պաշտոնական նոր հաղորդագրություն Արցախից

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր հայաստանյան մի շարք էլեկտրոնային լրատվական միջոցներ հրապարակել են «Արցախում ռուս խաղաղապահների հետ համագործակցության կենտրոնի ղեկավարը պաշտոնանկ է արվել» վերտառությամբ հոդված, որի սկզբնաղբյուրը «Հրապարակ» օրաթերթն է (հղումը՝ https://hraparak.am/post/8b0bd7f63b09ba40875344b-236bc99a4)։
Հոդվածում տեղ գտած որոշ պնդումներ իրականության հետ կապ չունեն, օրինակ՝ «Որոշ տեղեկություններով՝ ազատման (Սերգեյ Մարտիրոսյանի – ԱԽ գրասենյակ) պատճառը պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ ունեցած տարաձայնություններն են, Ներսիսյանը դժգոհություններ ունի, և որոշել են պաշտոնի իջեցում անել՝ նշանակելով Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնում։ Մարտիրոսյանին պաշտոնանկ անելով, ըստ էության, զրկել են ռուս խաղաղապահների հետ ի պաշտոնե շփումից, գործընթացներին ներկա գտնվելու հնարավորությունից»։

Այս առիթով տեղեկացնում ենք հետևյալը։

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Սերգեյ Միքայելի Մարտիրոսյանը 2023 թվականի մարտի 29-ին նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ՝ ազատվելով Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրենի պաշտոնից։ Համապատասխան տեղեկատվությունը 2023 թվականի մարտի 30-ին տեղադրվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակի պաշտոնական կայքէջում (հղումը՝ https://secco.nk.am/hy/post/haghvordagrvouthyvoun-10)։

Սերգեյ Մարտիրոսյանը, որպես Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, զբաղվում է նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսական խաղաղապահ զորախմբի միջև համագործակցության հարցերով։
Անդրադառնալով Սերգեյ Մարտիրոսյանի և Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի ու այլ անձանց հետ փոխհարաբերությունների և անձնական տվյալների վերաբերյալ պնդումներին՝ լրատվական միջոցներին կոչ ենք անում խստորեն պահպանել զանգվածային լրատվության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներն ու էթիկայի կանոնները։

Զանգվածային լրատվության միջոցներին հորդորում ենք նաև՝ պահպանել հանրությանը ստույգ լուրեր մատուցելու սկզբունքը և զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, ինչով նաև կչեզոքացվի հակառակորդի կողմից նմանօրինակ կեղծիքների օգտագործման հնարավորությունը։

ԱՀ Անվտանգության խորհրդի գրասենյակ

Please enter a valid URL