Պետական եկամուտների կոմիտեն նախապատրաստվում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետի վերագործարկմանը՝ երրորդ երկրի և դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը` պատասխանելով հարցին, թե որ փուլում են Հայաստան–Թուրքիա սահմանի բացման աշխատանքները։
«Մենք հիմա այլ պետական մարմինների հետ նախապատրաստվում ենք, որպեսզի հնարավորինս արագ, եթե վերջնական որոշումը կայացվի, սահմանային կետը գործի։ Այսինքն` իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ մաքսային ընթացակարգերը սահուն կիրառելու համար»,–ասաց Բադասյանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։