Նման միջադեպերը պատիվ չեն բերում որևէ երկրի, և պետք է անենք հնարավորը, որ այդպիսի դեպքեր առաջիկայում չկրկնվեն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքին։
Հայտնել էինք, որ ապրիլի 2-ին Կասկադում մի երիտասարդ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել: Սիմոնյանի թիկնապահները բռնել են երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել է երիտասարդին և թքել նրա դեմքին:
«Ես այստեղ տեսնում եմ կրթական համակարգի մեծ դերը։ Նման միջադեպերը բազմաթիվ խնդիրներ են ի հայտ բերում, որոնք կան մեր երկրում հանրային համերաշխության և մեր վերաբերմունքի հարցով։ Կարծում եմ` այստեղ մեծ անելիք ունենք, և առաջին հերթին դա ընկալում եմ իբրև անելիք»,–ասաց Անդրեասյանը։
Հարցին, թե ի՞նչ կաներ Անդրեասյանն ինքը, եթե փողոցում որևէ մեկը «դավաճան» անվաներ նրան` նախարարը պատասխանեց, թե իրավիճակները խիստ տարբեր են և մարդու արձագանքն էլ կարող է տարբեր լինել. «Կարծում եմ` պետական պաշտոնն ու դիրքը որոշակի հանրային վարքագիծ են ենթադրում»։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով միջադեպին, ասել էր, թե որևիցե մեկն իրեն դավաճան ասելու իրավունք չունի։ Նրա խոսքով` առաջին անգամը չէ, որ արձագանքում է նման արարքներին, հետագայում էլ արձագանքելու է։