Ապրիլի 4-ին ՀՀ կառավարությունը տեղեկացրեց, որ Երևանում՝ ս.թ. հոկտեմբերի 19-20-ն անցկացվելու է «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողով։ Նշյալ օրը գործադիրում տեղի էր ունեցել գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Միջոցառման համակազմակերպիչներ հանդես են գալու Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ արտաքին գործերի նախարարության, և «Կին քաղաքական առաջնորդներ» (Women Political Leaders-WPL) միջազգային ցանցը։
Factor.am-ն ուսումնասիրել է գագաթնաժողովի կազմակերպման համար մշակված փաստաթղթերը և պարզել, որ որպեսզի այդ միջոցառումը տեղի ունենա Երևանում ՀՀ կառավարությունը պետք է WPL-ին փոխանցի 190 հազար եվրո։
Այն այս պահի տարադրամի փոխարժեքի տվյալներով համարժեք է 77,9 մլն դրամի։
Լրատվամիջոցը հավելում է․ «Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ Երևանում անցկացվելիք միջոցառմանը նախատեսվում է 200-ից 250 բարձրաստիճան պաշտոնյաների, կին գործիչների մասնակցություն։ Հայաստանում գագաթնաժողովի անցկանման հետ կապված հարցերը քննարկվել են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախագահ և հիմնադիր Սիլվանա Կոխ-Մեհրինի միջև այս տարվա փետրվարի 18-ին Մյունխենում կայացած հանդիպման ժամանակ»: