Search
Close this search box.

«Խաղաղապահներն ամեն ինչ իրենց լիազորությունների շրջանակում են անում». ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է ադրբեջանցիների՝ ապրիլի 4-ին Արցախի բնակիչներին Արցախ մուտքի թույլ չտալը: «Խաղաղապահներն անում են այն ամենը, ինչ կարող են, այն ամենը, ինչ մտնում է իրենց լիազորությունների շրջանակում, Ղարաբաղի բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար նույնիսկ այն բարդ պայմաններում, երբ փակ է Լաչինի միջանցքը», – ընդգծել է Կոպիրկինը ճեպազրույցի ժամանակ:

Նա հավելել է, որ խաղաղապահների դերը կարևոր է ինչպես Ղարաբաղի կենսագործունեության, այնպես էլ իրավիճակի սրումը կանխելու համար: «Փաստերը խոսում են այն մասին, որ խաղաղապահներն անում են իրենց ուժերի ներածին չափով իրենց վրա դրված առաքելությունն իրականացնելու համար«, – հավելել է Կոպիրկինը։

Ադրբեջանցիները ապրիլի 4-ին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի արգելափակված հատվածում արգելել են Արցախի 27 քաղաքացու մուտք գործել Հանրապետություն, արդյունքում 4 արցախցիների ինքնազգացողությունը վատացել է: Ռուս խաղաղապահներն ապահովել են շտապօգնության մեքենայի ժամանումը, որը նրանց տեղափոխել է Ստեփանակերտի բժշկական կենտրոն:

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ապրիլի 5-ին հայտարարել է, որ այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության ապահովման կենտրոնի թույլտվությամբ։ Բժշկական օգնության կարիք ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Հայաստան կազմակերպելու է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը՝ Արցախի առողջապահության նախարարության ցուցումով:

Please enter a valid URL