Search
Close this search box.

Ռուս խաղաղապահներն անում են այն ամենը, ինչ կարող են ԼՂ անվտանգությունն ապահովելու համար. ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը, երբ մի խումբ ադրբեջանցի «ակտիվիստներ» փորձել են խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի 27 բնակիչների վերադարձն իրենց տներ: Մեքենաներին ուղեկցել է ՌԴ խաղաղապահների շարասյունը։ Տեղեկությունը հաղորդում է Sputnik Արմենիան:

Լրագրողների հետ զրույցում Կոպիրկինը նշել է, որ միջադեպի մանրամասներին չի տիրապետում, կարող է դատել միայն ԶԼՄ-ների հաղորդագրություններից: Սակայն դեսպանը կարծում է, որ ռուս խաղաղապահներն անում են այն ամենը, ինչ կարող են, այն ամենը, ինչ մտնում է նրանց լիազորությունների շրջանակում՝ Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար: Նրանք աշխատում են նույնիսկ այն բարդ պայմաններում, երբ Լաչինի միջանցքը փակ է։

«Մեր խաղաղապահների դերը կարևոր է ինչպես բնականոն կենսագործունեության ապահովման, այնպես էլ էսկալացիայի հնարավոր փորձերը կանխելու համար։ Դուք լավ գիտեք, թե ինչպես են գործում խաղաղապահները։ Այս մասին տեղեկատվությունը մշտապես հրապարակվում է: Նրանց դերի կարևորությունն ընդունում է նաև Հայաստանի ղեկավարությունը»,–հավելել է Կոպիրկինը:

Պատասխանելով խաղաղապահների վարկաբեկման փորձերի մասին հարցին՝ դեսպանը հայտարարել է, որ այստեղ պետք է հիմնվել ոչ թե ինչ-որ մեկնաբանությունների, այլ փաստերի վրա։

Հիշեցնենք՝ երեկ ռուս խաղաղապահները փորձել էին ՀՀ Գորիս քաղաքից Արցախ տեղափոխել թվով 27 քաղաքացիների, սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոակտիվիստները» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է մեր քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը:

Please enter a valid URL