MediaHub-ի տեղեկություններով՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն առաջիկայում պաշտոն կստանա:
Մարտի 14-ին հայտնի դարձավ, որ Տիգրան Փարվանյանն ազատվել է հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարի պաշտոնից՝ համաձայն նախագահի հրամանագրի։ Փարվանյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի փետրվարից։
Եվ ահա մեզ փոխանցեցին, որ Օնիկ Գասպարյանի «ներդրած ավանդի» դիմաց՝ ոչ միայն տարիների ծառայության, այլ հատկապես լռություն պահպանելու և գործող իշխանության դեմ չգնալու համար Փաշինյանը որոշել է նրան նոր պաշտոն տալ:
Թերևս այս հանգամանքով է պայմանավորված այն, որ Փարվանյանի պաշտոնանկությունից ընդամենը երկու օր անց Օնիկ Գասպարյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում էր, խոսել է մի քանի ժամ ու, ըստ արձագանքների, իշխանությանը գոհացրել է:
Այդպես, նիստից հետո հանձնաժողովի ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք Օնիկ Գասպարյանն ապագայում նորից վերադառնա Հայաստանի զինված ուժեր, իշխանությունն ունի՞ այդպիսի պլաններ, ասել էր.
«Օնիկ Գասպարյանն ի վիճակի է ոչ միայն անել վերլուծություններ, արձանագրի փաստեր, այլ նաև իր անցած ճանապարհով կարող է նաև մեր կրթական ծրագրերի մեջ ունենա իր ուրույն մասնակցությունը»:
Նա նաև ասել էր, որ «աշխատանքի ավարտից հետո կտեսնեն, թե ինչ եզրակացության վրա կկանգնեն»:
Մինչդեռ, հիշեցնենք, Օնիկ Գասպարյանը կարող էր իրավիճակ փոխել թե՛ 44-օրյա պատերազմի օրերին, թե՛ դրանից հետո: Պարզապես չուզեց կամ վախեցավ:
Նշենք նաև, որ սովորության համաձայն՝ Օնիկ Գասպարյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: