Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ես չեմ դիտարկում ՀՀԿ կառույցը որպես համատեղ ջանքերով մշակված քաղաքական գծի համար պատասխանատու մարդկանց համախումբ: ՀՀԿ-ն իշխանական խմբավորման չինովնիկների և գործարարների կազմակերպություն է, որի շրջանակներում, կարծես թե, որոշումներ կայացնելու մեխանիզմը կոլեգիալություն գործնականում չի նախատեսում: Ուստի Արմեն Սարգսյան-ՀՀԿ հարաբերությունները պետք է դիտարկվեն նախ և առաջ Սերժ Սարգսյան-Արմեն Սարգսյան հարթությունում: Եթե այս հարթությունում անամպ լինեն հարաբերություններն, ապա ՀՀԿ շարակազմն էլ Արմեն Սարգսյանի գործունեության հետ կապված խնդիրներ չի հարուցի և դժգոհություն չի արտահայտի: Ասածս այն է, որ սա առաջին հերթին անձնական, այլ ոչ թե ՀՀ նախագահ-ՀՀԿ հարաբերությունների հարց է լինելու: Մնացյալը կրկին պարոն Արմեն Սարգսյանի որոշելիքն է, իր անձնական ընտրության հարցը: