Ընդդիմությունը և նրա տարբեր ներկայացուցիչներ ամեն օր խոսում են երկիրը փրկելու անհրաժեշտության մասին, ու որպես փրկության միակ ճանապարհ նշում գործող իշխանության հեռացումը: Հեռացնենք Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իշխանությունից ու ամեն ինչ լավ կլինի, Հայաստանը կփրկվի: Ուղիղ հինգ տարի առաջ նույն բանը քարոզում էր Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները` հեռացնենք Սերժին, մերժենք Սերժին ու մեր բոլոր խնդիրներ լուծված կլինեն, Հայաստանը կվերածվի դրախտի: Հինգ տարի հետո պարզ է, որ Հայաստանը ոչ միայն դրախտ չդարձավ, այլ դժոխային վիճակն էլ ավելի վատթարացավ: Հասարակությունը հոգնել է, չի հավատում, մի մասն էլ վախենում է նոր հեղափոխությունից, հին ու նոր հեղափոխականներից:
Հնարավոր է, որ ոչ միայն չփրկվենք, այլ ավելի խորը գլորվենք անդունդը. հայ հանրության մտածող և մտահոգ հատվածը կանգնել է գրեթե անելանելի թվացող վիճակի առաջ: Կա՞ արդյոք այլընտրանք նոր հեղափոխությանն ու նոր հիասթափությանը, կա՞ արդյոք այլընտրանք մերժված հնի և անհուսալի ներկայի միջև: «Ապրելու երկիր» կուսակցությունը առաջարկում է ոչ թե ռևոլյուցիոն, այլ իշխանափոխության էվոլյուցիոն ճանապարհը. իշխանությունը վերցնել ոչ թե միանգամից, այլ՝ մաս-մաս:
Կուսակցությունն իր ստեղծման պահից առաջնորդվում է այս մարտավարությամբ. ոչ թե հանրահավաքներ կազմակերպել, հեղափոխական բոցաշունչ ճառեր արտասանել, պահանջել օր առաջ, ժամ առաջ իշխանափոխության իրականացում ու դրանից հետո գնալ տուն, մինչև հաջորդ հանրահավաքը, այլ ուժեղանալ տեղերում, մասնակցել տեղական ինքնակառավարման ընտրություններին, և փորձել իշխանությանը հաղթել սկզբում տեղական մակարդակով:
Այս մարտավարությունը բավական հաջողություններ է արձանագրել: 2021 թվականին հիմնադրվելուց ամիսներ հետո «Ապրելու երկիր» կուսակցությունը կարողացավ հաղթել Նոյեմբերյանի ավագանու ընտրություններում և կուսակցության ներկայացուցիչը ընտրվեց քաղաքապետ, համատեղ կառավարման ղեկը վերցրեց Տաթև համայնքում, հետո արդեն հաղթանակ տարավ Ալավերդու քաղաքապետի ընտրություններում:
Կուսակցությունը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գրեթե բոլոր համայնքներում, կուսակցության ընտրված համայնքապետերն ու ավագանիներն իրենց գործունեությամբ և ոչ թե կոչերով ու խոստումներով են ամրապնդում հասարակության վստահությունը՝ կուսակցության և նրա ղեկավարների նկատմամբ:
Առաջիկայում սպասվում են Երևանի ավագանու ընտրություններ, փաստացի Երևանի քաղաքապետի ընտրություն: Սա արդեն անհամեմատ ավելի լուրջ փորձություն է. Երևանը Հայաստանի կեսն է, որոշ հարցերում նույնիսկ ավելին:
Իշխանությունն ամեն ինչ անելու է սեփական թեկնածուի հաղթանակն ապահովելու համար՝ օգտագործելով վարչական լծակներ, թաղային հեղինակություններ, կեղծ ընդդիմադիր ու ոչ ընդդիմադիր թեկնածուներ, իր գործունեությունից դժգոհ, իրենց մերժող էլեկտորատի ձայները փոշիացնելու, մարդկանց մանիպուլացնելու և անորոշության մատնելու համար: Խորհրդարանական ընդդիմությունը պառակտված է ու անմիաբան, նրանք մինչև հիմա նույնիսկ չգիտեն՝ մասնակցելու են Երևանի քաղաքապետի ընտրություններին, թե ոչ, եթե մասնակցելու են, ում թեկնածությունն են առաջադրելու և ընտրություններին մասնակցելու են զուտ մասնակցելու, թե՞ ինչ-որ հաջողության հասնելու հեռանկարով:
«Ապրելու երկիր» կուսակցությունը, ի դեմս իր առաջնորդների՝ կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի և համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի, արդեն իսկ հայտարարել են, որ մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին, մասնակցելու են դրանցում հաղթելու վճռականությամբ: Առանց չափազանցության կարելի է ասել, որ իշխանության միակ իրական այլընտրանքն ու ընդդիմախոսն այդ ընտրություններին լինելու է «Ապրելու երկիր»-ը, որովհետև իշխանությունը գիտի, որ այդ կուսակցությունը ոչ միայն հաղթել գիտի, այլ նաև իր հաղթանակը պաշտպանել: Իր երկամյա գործունեության ընթացքում կուսակցությունն ու նրա ներկայացուցիչները երբեք չեն կոտրվել, որևէ պայմանով չեն գնացել իշխանության հետ փոխգործակցության, գաղտնի կամ բացահայտ կոալիցիաներ ձևավորելու ճանապարհով, որքան էլ որ դա կարող էր առաջին հայացքից շահավետ լինել կուսակցության և նրա ներկայացուցիչների նկատմամբ:
Իշխանությունը վախենում է «Ապրելու երկիրը» կուսակցությունից, որովհետև չի կարող ճնշել, վախեցնել, պայմանավորվել կուսակցության և նրա առաջնորդների հետ: Զրո հանդուրժողականություն իշխանության նկատմամբ, զրո համագործակցություն իշխանության ներկայացուցիչների հետ:
Ուզո՞ւմ է հայ հասարակությունը իշխանափոխություն՝ առայժմ թեկուզ Հայաստանի կեսը կազմող Երևանում, դրա իրական հնարավորությունը կա՝ ընտրել «Ապրելու երկիր» կուսակցության առաջնորդներին, ձայն տալով կուսակցության ավագանիների ցուցակին: Իշխանությունը մայրաքաղաքում կորցնելուց հետո, «Քաղաքացիական պայմանագիր»-ը այն կկորցնի նաև ամբողջ Հայաստանում: Սա է իրական, անցնցում և սահմանադրական իշխանափոխության միակ հնարավոր ճանապարհը:
ArmLife.am