44–օրյա պատերազմի ժամանակ դասալիքների 11.000 թիվը գուցե մի քիչ ավել է, բայց պատահական չէ։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Քննիչ հանձնաժողովն այդ թվի հետ կապված իր պարզաբանումները կստանա, և երբ կհաստատվի 11, թե 12 է եղել, այն ժամանակ էլ ես ձեզ հստակ կասեմ` քանի քրեական գործ է հարուցվել և ուր է հասել, որովհետև այդ ծավալը այնքան մեծ է, որ պետք է իրողությունների խորքային պատճառները հասկանանք»,– նշեց նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Շահնազարյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմում ունեցել ենք 11 000 դասալիք՝ կամավոր, զինվորական եւ այլն:
Թե ինչ աղբյուրից է Աննա Հակոբյանը վերցրել այդ թիվը, Անդրանիկ Քոչարյանը հրաժարվեց պատասխանել։ Նա միայն նշեց, որ այդ փաստով 1000–ավոր քրեական գործեր կան, և դրանք քննվում են։