Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երբեմն ինձ թվում է, որ Ավինյան Տիգրանը մեծ ջանքեր է գործադրում, որ Երևանի քաղաքապետ… չդառնա:
Ինքներդ մտածեք՝ մետրոյի նոր կայարանի կառուցում, ծառերի հատում, կենդանաբանական այգու տեղափոխում, անընդհատ «շնորհակալություն Ավինյան Տիգրանին», մորուքի սափրում …. և այսպես շարունակ: Տպավորություն է ստեղծվում, որ Ավինյան Տիգրանը ցանկանում է անընդհատ հանրության աչքին երևալ: Ընդ որում, վերջինիս կողմից որդեգրվել է հնչեղություն ունեցող, սակայն հանրության կողմից ոչ միանշանակ ընկալվող խնդիրները (չ)լուծելու «պատրաստակամությունը»:
Կարող էր, չէ՞, Ավինյան Տիգրանն այնպես, ինչպես, օրինակ՝ ժամանակին Մարգարյան Տարոնը, առանց սակուրաների, մետրոյի կայարանի, կենդանիների և անփոփոխ արտաքին տեսքով աննկատ քաղաքապետ «ընտրվել»: Սակայն, նախընտրեց արտասովոր լինել: Ինչու՞:
Մեծ հաշվով, տարօրինակ կամ արտասովոր երևալը վատ բան չէ, սակայն արդյո՞ք հանուն չեղած սակուրաների կամ մետրոյի արժի զոհաբերել հեղինակության փոքրաթիվ բեկորները:
Խնդիրն այլ է: Կարծում եմ, որ քաղաքապետ դառնալն Ավինյան Տիգրանին պարտադրված է: Իսկ նախընտրական «սցենարը» հենց «պարտադրողն է» գրել, քանզի վերջինս Ավինյան Տիգրանին այլևս քաղաքականության մեջ չի տեսնում: Ապացույց՝ սակուրաները, մորուքը և մնացածը: Եվ, ըստ այդմ, Երևանի քաղաքապետի աթոռը Ավինյան Տիգրանի վերջին քաղաքական հանգրվանն է լինելու: