Հայաստանը Իրանին է հանձնել Սյունիքի մարզում հայտնաբերված եւ ձերբակալված սահմանախախտին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
«Մարտի 22-ին ՀՀ Սյունիքի մարզում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից «Մեղրի» սահմանապահ ուղեկալի պահպանվող տարածքում անհայտ անձը, անօրինական սահմանահատմամբ, Իրանից դեպի Հայաստան Արաքս գետն անցնելով, մոտեցել է փշալարային ցանցին եւ հաղթահարել այն»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ԱԱԾ–ի` փշալարային ցանցի ազդանշանային համակարգի գործարկման արդյունքում սահմանախախտը ձերբակալվել է ՌԴ սահմանապահների կողմից եւ տեղափոխվել «Մեղրիի» սահմանապահ ուղեկալ։
Համաձայն գործող կանոնակարգի` օտարերկրացին «Մեղրի» սահմանապահ ջոկատի ծառայողների կողմից «Ագարակ» սահմանային անցման կետով հանձնվել է իրանական կողմին։
Sputnik Արմենիայի տեղեկություններով`խոսքը Աֆղանստանի քաղաքացու մասին է։
Հիշեցնենք` միջպետական համաձայնագրի շրջանակում Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունն է զբաղվում Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի պետական սահմանի պաշտպանությամբ։
Ավելի վաղ Թուրքիայի հետ սահմանին 4 սահմանախախտ էր ձերբակալվել։