168.am-ը գրում է. Մարտի 30-ին Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զինուժն այդ գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
Նույն օրը 168.am-ին Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանն ասել էր, որ ադրբեջանցիները զավթել են Տեղ համայնքի բնակիչների դաշտերի մոտ 80 հեկտարը և դիրքավորվում են։
168.am-ի հետ զրույցում Արգամ Հովսեփյանն ասաց, որ իրավիճակը շարունակում է նույնը մնալ։
«Զարմանում եմ, որ Տեղ համայնքի ղեկավարն այս ամենը չի մեկնաբանում, գուցե առաջնագծում է, տեսեք` «չանհանգստացնեք»։ Թշնամին արդեն 11-րդ հենակետն է տեղադրում առաջնագծում։ Այդ հենակետից մինչև Տեղ գյուղի վերջին տունը մոտ 1 կիլոմետր է»,- նշեց Արգամ Հովսեփյանը։
«Թշնամին եկել, Տեղ գյուղի հողերը վերցրել է՝ մի 70-80 հեկտար, պոստերը դնելով՝ գնում են». Տեղ համայնքի ավագանու անդամ
Նրա համար անտրամաբանական է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, երբ ասում է, որ սահմանը պետք է հսկեն սահմանապահները, այլ ոչ թե հայկական բանակը։
«Ի՞նչ է նշանակում սահմանապահ զորք, սահմանը սահմանապահները հսկում են այն ժամանակ, երբ պատերազմական իրավիճակ չի լինում։ Սահմանների ճշգրտում արե՞լ է, հիմա էլ սահմանապահ զո՞րք է կանգնեցնում, սահմանազատում ու սահմանագծում է արե՞լ։
Պատերազմական իրավիճակում բերում է, երկու հոգու կանգնեցնում է 13 պոստի դիմաց, որ ի՞նչ անի, դրա անունը ի՞նչ է դնում, ո՞վ է նման բան տեսել»,- շեշտեց նա։
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: