Աշխատանքային քննարկման ժամանակ Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ չարաշահելով նախագահողի իր լիազորությունները: Ձերբակալվածների պահման վայրից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում պատմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը:
Հարցին՝ ըստ իշխանական պատգամավորների՝ հարվածել է շողացող ինչ-որ առարկայով, Սահակյանը պատասխանեց՝ բացարձակ սուտ է. «Հարվածել եմ ձեռքով, ձեռքս էլ ջարդել եմ, հարվածելուց հետո, չեմ ցանկացել, որ վեճը շարունակվի, հեռացել եմ նիստերի դահլիճից ու գնացել եմ մեր փորձագետների սենյակ»:
Անդրադառնալով ԱԺ տեսախցիկների ֆիքսած կադրերին, թե ինքը միջադեպից հետո վազելով փախչել է՝ Սահակյանը նշեց՝ «Ես աշխատանքային քննարկման գնալիս ուշացել եմ 10-15 րոպե և վազելով եմ միջանցքով անցել: Դա, երևի, օգտագործել են: Միանշանակ մոնտաժված են կադրերը: հավատացեք՝ ամեն ինչ իր պատասխանը կստանա»:
Մհեր Սահակյանը շեշտեց, որ նույնիսկ մոնտաժված տեսանյութում չկա հատված, թե ինքը փակվել է աղջիկների զուգարանում. «Կեղծարարություն է իրենց բնորոշ ձևով»: