Երևանի «Բյուրեղ» բնակելի թաղամասում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից բնակարանի ձեռքբերման գործընթացի վերաբերյալ քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ հիմքերի բացակայության պատճառով։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին «Հետք»-ը հոդված էր հրապարակել՝ գրելով, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանի «Բյուրեղ» բնակելի թաղամասում հիփոթեքային վարկով բնակարան է ձեռք բերել, որի համար վճարել է 168 հազար դոլար, սակայն բնակարանի իրական արժեքը 412 հազար դոլար է։ Դրան հաջորդեց ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունը, որ ուսումնասիրում են հրապարակումը։
«Արմենպրես»-ը գլխավոր դատախազություն հարցում էր ուղարկել՝ ճշտելու, թե ինչ է պարզվել ուսումնասիրության արդյունքում, որին ի պատասխան՝ Դատախազությունից տվել են հետևյալ պատասխանը․
«Դատախազությունը «Սուրեն Պապիկյանը 168.000 դոլարով բնակարան է գնել, որն այսօր 412.000 դոլար արժե» վերտառությամբ հրապարակումն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը, գնահատելով հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները, 22.03.2023 թվականին վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմել, քանի որ հրապարակմամբ մատնանշված հանգամանքներով չի փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական: Քննիչն այդ մասին գրավոր տեղեկացրել է հսկող դատախազին: Հսկող դատախազը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում, հաստատել է քրեական վարույթ չնախաձեռնելու իրավաչափությունը և վարույթի նյութերը վերադարձրել է քննիչին»: