ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ունեցած միջադեպի հետեւանքով վնասվածք եմ ստացել աչքիս հատվածում, ասաց Կասկադում Ալեն Սիմոնյանին «դավաճան» անվանած ՀՅԴ բյուրոյի անդամ Կարեն Մկրտչյանը:
«Կասկադում քայլում էի, երեխաներիս հետ նախաճաշի էի գնացել: Նկատեցի որ անվտանգության աշխատակիցներ սկսեցին գալ, մեքենաներ լցվեցին, իմացա, որ Ալեն Սիմոնյանն է, իր բնորոշումը տվեցի իրեն մի քանի անգամ, այսինքն՝ որ ինքը դավաճան է: Այն ընթացքում ինձ մոտեցան ՊՊԾ 2 աշխատակից, ձեռքերիցս բռնեցին, ու Ալեն Սիմոնյանն ինձ ասաց՝ դավաճանը մամադ է, ու թքեց երեսիս: Ինձ պառկեցրին գետնին, այնուհետեւ տարան ոստիկանական բաժանմունք»,- պատմեց միջադեպի մասնակիցը:
Կարեն Մկրտչյանի խոսքով՝ այդ միջադեպին որեւէ քաղաքացի չի միջամտել. «Ես, ցավոք, այդ ընթացքում չտեսա քաղաքացիների, որոնք այդ պահին նույն վերաբերմունքը ցույց կտային: Երբ իշխանությունը տեսնում է, որ իր քաղաքացիները կամակատար են ընդունում են անիրավությունները, նրանք շարունակում են այդպես: Ինձ համար ցավալի է, որ ԱԺ նախագահը նման վարվելակերպ ունի քաղաքացիների նկատմամբ»:
Նրա խոսքով՝ զարմանալին այն էր, որ ոչ թե Ալեն Սիմոնյանին, այլ իրեն են ոստիկանական բաժանմունք տարել. «Մենք գործ ունենք անօրինության ու օրենքը կիրառվում է ընտրողաբար: Սա փաստ է, որ մեր երկիրն անդունդն է գլորվում: Ժողովրդավարություն կամ օրինականություն, դրանք ընդամենը շղարշ են»: