Search
Close this search box.

Ի՞նչ կանխատեսել. Սեյրան Օհանյանի պատասխանը

Ներկայիս իշխանության օրոք բանակը կազմաքանդվել է, մարտունակությունն իջեցվել, հատկապես կառավարման համակարգում լուրջ թերություններ ենք ունեցել, Եռաբլուրում ասաց պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նշենք, որ այսօր լրանում է Ապրիլյան պատերազմի 7-րդ տարին, և «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են «Եռաբլուր»:

«Ներկայիս իշխանության ծրագրում գրված է, որ պետք է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննել, սակայն անցել է երկու տարի, և ինչ են արել՝ ոչինչ, իսկ սլաքներն ուղղում են բանակի վրա միայն: Պետք է գնահատական տրվի, թե պատերազմի ժամանակ ինչ են արել օրենսդիր և գործադիր մարմինները պետական ու ռազմական կառավարման ուղղություններով: Պետք է հասկանանք, թե ինչ են կատարել դատաիրավական մարմինները»,-ասաց նա:

Օհանյանը վստահեցրեց, որ, օրինակ, իր ղեկավարման ժամանակ 1500 չվերթ սպառազինություն և ռազմական տեխնիկա են ներկրել, հիմնականում ՌԴ-ից: Ըստ նրա՝ ներկայիս իշխանության ներկայացուցիչները, երբ խոսում են բանակի սպառազինության մասին, պետք է վերլուծություն կատարեն:

Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, ապա այն, ըստ Օհանյանի, լարված եղել է և միշտ էլ լարված է մնալու: 44-օրյա պատերազմից հետո այլ իրավիճակ է ստեղծվել, և հակառակորդն անընդհատ սաստկացնում է ճնշումները Հայաստանի և Արցախի նկատմամբ:

Նրա խոսքով՝ ռազմաքաղաքական իրավիճակն այսօր այնպիսինն է, որ տարածաշրջանային զարգացումների վրա կարող են ազդել նաև աշխարհաքաղաքական իրադարձությունները, ինչից էլ օգտվում են մեր հակառակորդները. «Հակառակորդն այժմ աշխատում է ինչպես Արցախի հայաթափման վրա, այնպես էլ ՀՀ-ի շուրջն է օղակը սեղմում, որպեսզի ստանա այն, ինչի համար պայքարում են՝ սահմանների ճշգրտման գծում ավելի լավ դիրքեր զբաղեցնել և միջանցք ունենալ: Մեզ համար ճանապարհը մեկն է՝ պետք է լուրջ աշխատանք կատարվի անվտանգության համակարգի ձևավորման համար, իսկ դրա համար պետք են ազգային և միջազգային երաշխիքներ»:

Ըստ նրա՝ ազգային երաշխիքները մեր բանակն է, տնտեսությունը, համախմբվածությունը, ուժային կառույցները, իսկ միջազգային երաշխիքներն էլ լայն ընդգրկվածություն ունեցող արտաքին քաղաքականությունն է լուրջ բանակցային գործընթացներով:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը 5-րդ շարասյան մասին՝ Օհանյանն ասաց, որ իշխանությունը պատերազմի ժամանակ ոչինչ չի անօրինականությունները կանխելու համար: Ուստի, ըստ նրա, եթե կա 5-րդ շարասյուն, կա նաև 6-րդ շարասյուն՝ դա Նիկոլ Փաշինյանն է, որն իր համակարգով խրախուսել է այդ ամբողջ ճանապարհը:

Please enter a valid URL