Search
Close this search box.

Ռուբեն Վարդանյանը ցույց է տալիս իր հատուկ վերաբերմունքը և նվիրումն Արցախին. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Արցախում մնալուն եւ իր առաքելությունն ակտիվ հանրային գործունեությամբ շարունակելուն` նշելով, որ այդպիսով նա ցույց է տալիս հատուկ վերաբերմունքը և նվիրումն Արցախին։

Նախագահ Հարությունյանի գրառման մեջ ասված է.

«Ուրախ եմ, որ Ռուբեն Վարդանյանը շարունակում է Արցախում իր ակտիվ հանրային գործունեությունը, հիմա էլ՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալության միջոցով: Ծանր ժամանակաշրջանում ստանձնելով և իրականացնելով պետական նախարարի պարտականությունները, իսկ այնուհետև՝ մնալով Արցախում ու շարունակելով իր առաքելությունը հանրային գործունեությամբ՝ Ռուբեն Վարդանյանը ցույց է տալիս իր հատուկ վերաբերմունքը և նվիրումն Արցախին:

Ինչպես քանիցս հրապարակավ անդրադարձել եմ, պարոն Վարդանյանն արդեն գրեթե քսան տարի շարունակ տարաբնույթ ծրագրեր է իրականացնում Արցախում, ներառյալ՝ «Մեծ հարսանիքի» հովանավորությունը, «Ավրորա մարդասիրական նախաձեռնությունների» հետպատերազմյան ծրագրերը և «Մենք ենք մեր սարերը» գործակալության մարդասիրական ու փորձագիտական աշխատանքները հատկապես շրջափակման ժամանակահատվածում:

Առանձնահատուկ վերաբերմունք ունեմ նաև նրա որդու՝ Դավիթի հանդեպ, ով տարիներ առաջ (նաև 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ) նախընտրել է իր ժամկետային զինծառայությունն անցկացնել Արցախում, իսկ 2020թ. պատերազմի ժամանակ էլ արձագանքել է իմ համահայկական կոչին և եկել Արցախ՝ օգտակար լինելով մեր պայքարին իր հնարավորության սահմաններում»։

Please enter a valid URL