Համլետ Մանուկյանը նվաճեց աշխարհի երիտասարդական առաջնության նժույգ թափեր վարժության չեմպիոնի կոչումը, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոնի:
Անթալիայում անցկացվող սպորտային մարմնամարզության երիտասարդների երկրորդ աշխարհի առաջնությունում (մինչեւ 17 տարին լրացած) նժույգ թափեր վարժության եզրափակիչում Հայաստանի երկու ներկայացուցիչները փայլուն արդյունքներով նվաճեցին ոսկե եւ արծաթե մեդալներ: 15-ամյա Համլետ Մանուկյանը հավաքեց 14.633 միավոր եւ դարձավ երիտասարդների աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատչյանը 14.100 միավորով աշխարհի փոխչեմպիոն է:
Ապրիլի 1-ին հայ մարմնամարզիկները մեդալների համար կպայքարեն նաեւ օղակների, զուգափայտի եզրափակիչներում: Օղակների վարժության եզրափակիչ են դուրս եկել Էրիկ Բաղդասարյանը եւ Համլետ Մանուկյանը: Զուգափայտի եզրափակիչում աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալի համար կմրցի Եվրոպայի ոսկե մեդալակիր Էրիկ Բաղդասարյանը:
Երկրորդ անգամ անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին անգամ մասնակցեց թիմային պայքարում եւ գրավեց 4-րդ տեղը: