Search
Close this search box.

Կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել են Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցն ու ևս երկու անձ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթով կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի աշխատակից Լ. Ա.-ն Տավուշի մարզի երկու բնակիչների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, այդ թվում՝ պետական նպաստի տրամադրումը չդադարեցնելու համար հիշյալ անձանցից կաշառք է ստացել: Այս մասին հայտնում են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից:

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ Ա. Ա.-ն եղբոր պետական նպաստի իրավունքի ժամկետը երկարաձգելու և նպաստի տրամադրումը չդադարեցնելու դիմաց 2023 թվականի մարտի 1-ին 20.000 ՀՀ դրամ կաշառք է տվել Միասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի աշխատակից Լ. Ա.-ին: Բացի այդ, պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը նույն օրը կաշառք է ստացել նաև Տավուշի մարզի մեկ այլ բնակչից՝ Յ. Գ.-ից: Վերջինս, իր բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված պետական նպաստ ստացող շահառուների ցուցակում ընդգրկվելը չուշացնելու և նպաստը ժամանակին ստանալու համար Լ. Ա.-ին տվել է 10.000 ՀՀ դրամ կաշառք:

31.03.2023 թվականին Լ. Ա.-ն, Ա. Ա.-ն և Յ. Գ.-ն ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:

Կատարվում է նախաքննություն:

Please enter a valid URL