Կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանության երևանաբնակ եզակի ականատես-վերապրածներից մեկը՝ 106-ամյա Սիլվարդ Հայրապետի Ատաջյանը:
Մուսալեռցի կնոջ ընտանիքի անդամները Կիլիկյան Սուեդիայի շրջանի այն հայերի շարքում էին, ովքեր 1915 թվականին մասնակցել էին թուրքական ջարդարարների դեմ մղված հերոսական պայքարին: Երբ տեղի թուրքական իշխանությունները փորձել էին իրականացնել հայության տարհանման հրամանը, հայերը որոշել էին դիմադրություն ցույց տալ` բարձրանալով Մուսա լեռ, որտեղ և կազմակերպել էին ինքնապաշտպանական մարտեր` 53 օր շարունակ հաջողությամբ հետ մղելով թուրքական զորքերի հարձակումները:
«1915 թվականին քույրս, մայրս և տատիկս բարձրացանք Մուսա լեռը: Ես այդ ժամանակ երեք տարեկան էի: Հայրս և հորեղբայրս զինվորներ էին: Հայրս կարգադրեց մորս վերցնել մեզ և բարձրանալ լեռը»,- պատմել էր տիկին Սիլվարդն «Արմենպրես»-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականացված «Ականատեսը» հատուկ նախագծի շրջանակում՝ 2013 թվականին:
2015թ. փետրվարի սկզբին Սիլվարդ Ատաջյանը բավականին բարդ վիրահատության է ենթարկվել, բայց նրան հաջողվեց ապաքինվել և ոտքի կանգնել, ապրել հույսով և հավատով:


