Ադրբեջանական զորքը դարձյալ առաջ է շարժվել և նոր, խիստ կարևոր դիրքեր գրավել ՀՀ տարածքում՝ Բերձորի միջանցքին մերձակա հատվածներում։
Այս իրավիճակում, ըստ ՀՀ ԱԱԾ հաղորդագրության՝ «Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ» (https://news.am/arm/news/752354.html):
Այլ կերպ ասած՝ փաշինյանական իշխանությունը հրաժարվում է դիմադրել լկտիացած թշնամուն, որն ավելի ու ավելի է սեղմում Արցախի ու Սյունիքի շուրջը կապած օղակը՝ վերջնական հարված հասցնելուց առաջ,-այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը։
Առհասարակ, ի՞նչ է նշանակում «Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ»։ Թշնամին արդեն իսկ սրել է իրավիճակը («էսկալացիայի» է դիմել), ամուր հիմք ու նախապայմաններ է ստեղծել հետագա մեծ հարձակումների համար։ Եթե դու նրան հիմա չես դիմադրում, ապա հետո ի՞նչ ու ինչպե՞ս ես անելու։
Ուրեմն դա կոչվում է ոչ թե «էսկալացիա թույլ չտալու տրամաբանություն», այլ բոլորովին ուրիշ բան, այն է՝ կապիտուլյացիա։ Իրականում, 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո փաշինյանական կապիտուլյացիան մեկ օր իսկ կանգ չի առել։
Իսկ հայկական քաղաքական դաշտն ու մշտապես կաթվածահար պետական համակարգը վերակենդանանալու նշաններ դեռևս ցույց չեն տալիս…