Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ի՞նչ 300 մետր, մի հեկտար միայն գյուղի բնակիչներից մեկի արտում են առաջ եկել․ Տեղի բնակիչ. MediaHub

Ի՞նչ 300 մետ, մի հեկտար միայն գյուղացիներից մեկի դաշտում է առաջ եկել ու խրամատ փորում. MediaHub-ի հետ զրույցում այսպես է արձագանքում Սյունիքի Տեղ համայնքի բնակիչներից մեկը ԱԱԾ հաղորդագրությանը, թե ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել։

Մեր զրուցակցի խոսքով՝ ադրբեջանցիներն ամբողջ գիշեր, այսօր առավոտից էլ ամրաշինական աշխատանքներ են իրականացնում, մեղմ ասած, «տնավորվում են» հայոց հողում։

«Ինչի՞ պիտի կարողանային առաջ գալ, ինչի՞ դեմը չառան։ Հիմա արոտավայրերն էլ են իրենց աչքի առաջ, մարդիկ անասուններին ո՞ւր տանեն։ Վախ կա, թշնամու մասին ենք խոսում»,- մեզ հետ զրույցում նեղսրտած ասաց գյուղի բնակիչը։

Նրա խոսքով, այնուամենայնիվ, գյուղում խուճապային տրամադրություն չկա, մարդիկ մտահոգված են, ճիշտ է, բայց գյուղը լքելու ոչ մի միտք չունեն, իրենց՝ տարիներով ստեղծածը չեն թողնելու թշնամուն, դիմանալու են՝ ամուր կանգնած մնալով իրենց հողին։

«Առաջ են եկել, ամրանում են, ԱԱԾ-ն էլ հաղորդագրություն է տարածում, բայց էդ ամենից շատ ժամեր անց։ Կարող էր ուրիշ ձև լինել, բայց հիմա սա է, մենք էլ պիտի փորձենք չընկճվել»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ, մեր զրուցակիցը նկատեց՝ թշնամին սադրանքի չի գնացել, ոչ մի կրակոց չի հնչել՝ վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով։

Please enter a valid URL