ՌԴ ԱԳՆ խոսնակը հերթական ճեպազրույցի ժամանակ խոստովանեց, որ Ռուսաստանն է կազմակերպում եւ առաջնորդում Բաքվի վերջին ներխուժումները, ինչպես եւ կանխատեսել էինք ավելի վաղ՝ պատճառ բերելով եվրոպացի դիտորդների ներկայությունը Հայաստանում։ Անդրադառնալով եվրոպացի դիտորդների խմբի ղեկավար Մարկուս Ռիտելի հայտարարությանը՝ եթե այս տարվա գարնանը Ադրբեջանի կողմից հարձակում չլինի, կարելի կլինի ասել, որ ԵՄ առաքելությունը հաջող է անցել, Զախարովան ասել է․
«Հասկանում եք՝ սա է այս ամբողջ խնդրի առանցքային պատմությունը: Պետք է լսել եւ գործել երկու երկրների շահերից ելնելով։ Այո՛, մենք հիանալի հասկանում ենք, որ երկու երկրների տարբեր տեսակետներ կան, երբեմն՝ տրամագծորեն հակառակ։ Այո, մենք հիանալի հասկանում ենք, որ լինում են ծայրահեղ բարդությունների, սրացումների եւ այլնի ժամանակաշրջաններ։ Բայց միեւնույն ժամանակ մենք ֆիքսում ենք եւ այն, որ կողմերը կարող են պայմանավորվել։ Գլխավորը նրանց համար համապատասխան մթնոլորտ, նման պայմանավորվածությունների, փոխըմբռնման համապատասխան հիմք ստեղծելն է եւ այդ փոխըմբռնմանը նպաստելը։ Այլ ոչ թե հակառակը։ Հիմա հակառակի մասին հարցին. այս հայտարարությունները միայն հաստատում են մեր կողմից հնչեցված եզրակացությունների վավերականությունը այս տարածաշրջանում Եվրամիության ապակառուցողական մտադրությունների եւ գործողությունների վերաբերյալ։ Բրյուսելն ակնհայտորեն շահագրգռված չէ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վստահության եւ մերձեցման ձեւավորման հարցում, եւ իր ապաշնորհ, անընդհատ, ոչ պրոֆեսիոնալ, ոչ խելամիտ, ոչ ազնիվ գործունեությամբ նրանք հակասություններ են հրահրում Բաքվի եւ Երեւանի միջեւ։ Եվ, իմ կարծիքով, մենք բոլորս տեսնում ենք դա, եւ դա թաքցնել պարզապես հնարավոր չէ։ Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների բարելավման համար Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք կատարմանը այլընտրանք չկա»։
Հիշվում են Հայաստանում եվրոպական դիտորդների տեղակայման կապակցությամբ ՌԴ ԱԳՆ եւ նախարար Լավրովի հայտարարությունները, որոնցում Բաքվին կոչ էին անում դիմել սադրանքների դիտորդների դեմ, խոստանալով ռուս զինվորականների աջակցությունը։ Հետագայում եղան արտահոսքեր, ըստ որոնց՝ Մոսկվան Բաքվին դրդում էր հարձակվել Հայաստանի վրա։
Ինչով են խանգարում եվրոպացի անզեն դիտորդները Մոսկվային ու Բաքվին՝ ավելորդ աչքեր ու ականջներ են, որոնք տեղում տեսնում եւ լսում են ամեն բան։ Թե դա ինչ հետեւանքներ կարող է ունենալ՝ այլ հարց է, եւ մեծապես կախված է պաշտոնական Երեւանի դիրքորոշումից։ Սակայն այս հարցն էլ լուծված է՝ ՀՀ իշխանությունը չեզոքացնում է միջազգային ատյաններում հայկական խնդիրների քննարկումների եւ միջազգային կառույցների առաջխաղացման հնարավորությունները եւ փորձում է միջազգային հնարավոր ու անհնար բոլոր ատյաններն ու հարթակները օգտագործել «խաղաղ օրակարգը» լեգալացնելու նպատակով։
Զախարովայի խոսքերը դիվանագետերենից կարելի է թարգմանել այսպես․ որպեսզի ապացուցենք եվրոպացի դիտորդների ապակառուցողական դերը, եւ բոլորը դա տեսնեն, «կողմերի միջեւ համապատասխան մթնոլորտ եւ պայմանավորվածությունների, փոխըմբռնման համապատասխան հիմք ստեղծելով»՝ արագացրել ենք Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակի վերացումը Բաքվի ներխուժումներով, ռուս «խաղաղապահների» տեղակայման վայրերում։ Ըստ այդմ՝ եռակողմ հայտարարությունների լիարժեք կատարմանն, այսինքն՝ Հայաստանի դեմ միակողմանի կիրառմանն այլընտրանք չկա։
Lragir.am