Արցախի ՆԳՆ հրապարակած տեղեկությունը, թե Ադրբեջանի զորքը փակել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի ժամանակավոր հատվածը, վերաբերում է այն ճանապարհին, որը պետք է սպասարկեր մեզ, մինչև Կոռնիձորով անցնող ճանապարհի պատրաստ լինելը։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է միջէթնիկ հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը:
«Ի սկզբանե այդ ճանապարհահատվածը ևս Ադրբեջանին հանձնելու պայմանավորվածություն եղել է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև, ու ամիսներ շարունակ երբ աղաղակում էինք այդ հանցավոր գործարքի մասին, մարդիկ գերադասում էին հավատալ Հայաստանի հանցավոր իշխանության լռությանը, քան սպասվող նոր հանձնումներին։
Այսպիսով՝ Ադրբեջանին են անցել․
— «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» հայտնի պաստառի հատվածը
— «Դեդո Բաբո»-ի նմանողությամբ կառուցված արձանի հատվածը
— Տեղ գյուղի համար որպես արոտավայր ծառայող հարյուրավոր հեկտար տարածք։
Հիմա նաև Տեղի բնակիչներն են հայտնվելու թշնամու թիրախի տակ։
Իսկ Կոռնիձորով կառուցվող ճանապարհը միանում է Աղավնո գետի վրա գործող կամրջին ու հասնելու է Արցախի Հինշեն գյուղ, այնտեղից էլ՝ Մեծշենով, Լիսագորով Ստեփանակերտ։
Մնում է՝ բացենք Շուշի-Քարինտակ խաչմերուկը, որը թշնամին փակ է պահում արդեն 100 օրից ավելի։ Արցախի կապը մայր հայրենիքի հետ ամբողջական փակ չի, մենք շարունակում ենք բոլոր հնարավոր միջոցներով Արցախին ապահովել հումանիտար և այլ անհրաժեշտ ապրանքով»,-նշում է Հոխիկյանը: