Search
Close this search box.

«Խելքի եկե´ք, դժվարն ուտելը չէ, դժվարը մարսելն է»․ Արցախի ԱԺ նախագահի կոչը

Դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է: Այս մասին հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, որը հանդես է եկել կոչով։

«Իլոն Մասկը, Հենրի Ֆորդը և Ստիվ Ջոբսը երազել են ոչ թե կարճ ժամանակահատվածում հարստանալու մասին, այլ՝ լավ ապագայի: Կյանքը ցույց է տվել, որ իրենք ճիշտ են, որովհետև նրանք հարստացել են ոչ թե հասարակությունից գողանալու միջոցով, այլ հարստացել են կյանքը հասարակության համար հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելու միջոցով»,- ասել է Թովմասյանը:

Նա ընդգծել է, որ հայ իրականության մեջ այլ է: Թովմասյանն առանձնապես դատապարտելի է համարել պաշարման մեջ գտնվող ժողովրդի հաշվին որոշ հայրենակիցների ակնթարթային հարստանալու մոլուցքը:

«Հայրենակիցնե´ր, շրջափակումը մի օր կավարտվի: Խելքի եկե´ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը: Դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է»,- նշել է Թովմասյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ:

Please enter a valid URL