Լեհաստանի խորհրդարանի վերին պալատն ընդունել է այն օրենքը, որն արգելում է լեհերին մեղադրել Հոլոքոստին աջակցելու համար: Օրենքի քննադատներն այն համարում են պատմությունը վերաշարադրելու փորձ:
Օրենքը նաև արգելում է Լեհաստանի տարածքում ստեղծված նացիստական մահվան ճամբարներն անվանել «լեհական»: Դրա համար սահմանվում է տուգանք կամ երեք տարվա ազատազրկում:
Օրենքում նաև պատասխանատվություն է սահմանվում Երրորդ ռայխի հետ հակագործակցած ուկրաինացի ազգայնականների հանցանքները հերքելու համար:
Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, օրենքը լեհական խորհրդարանի ստորին պալատում ընդունվել է 57 «կողմ», 23 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով: Որպեսզի օրենքն ընդունվի, այն պետք է ստորագրի նախագահը:
Օրենքն արդեն հարուցել է Իսրայելի վրդովմունքը: Կիրակի օրը Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն Լեհաստանին կոչ է արել հրաժարվել օրենքից: «Ես կտրականապես առարկում եմ դրան: Չի կարելի վերաշարադրել պատմությունը, չի կարելի ժխտել Հոլոքոստի փաստը»,- ասել է Նեթանյահուն պաշտոնական հայտարարության մեջ:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան դրան պատասխանել է հեռուստաուղերձով՝ պնդելով, որ Լեսհաստանը չի վերանայի իր որոշումը, և երկիրն իրավունք ունի «պաշտպանելու պատմական ճշմարտությունը»:
Չորեքշաբթի ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը նույնպես դիմել է Լեհաստանի կառավարությանը՝ խնդրելով վերանայել օրինագիծը և մտավախություն հայտնելով, թե դա կարող է խաթարել խոսքի ազատությունը երկրում ու բարդացնել Լեհաստանի դիվանագիտական հարաբերություններն այլ երկրների հետ:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել օրինագծի խիստ քննադատությամբ:
Փոխանցում է BBC-ն:



